12/04/2019 14:55
Ամենամյա թելեթոն լինելու է, և դրա հետ կապված աշխատանքներ տարվում են. «Հայաստան» համահայկական հիմնադրամ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կայանալու է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիմնադրամի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Դավիթ Բանուչյանն՝ անդրադառնալով «Ժամանակ» թերթի այսօրվա հրապարակմանը, համաձայն որի հեռուստամարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել:
Նա միաժամանակ հավաստիացրեց, որ շրջանառվող լուրերին հակառակ, միջոցառման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրինությունը փոխվել է, և մենք պետք է ռազմավարական նոր գաղափարներով հանդես գանք, այս ամենի մասին մանրամասն խոսելը մի փոքր ժամանակավրեպ է։ Ընթացիկ տարվա հունիսին կայանալու է Արցախի Հանարապետության նախագահի, Միացյալ Նահանգներից ժամանած հյուրերի հետ հանդիպումը։ Թելեթոն լինելու է։ Ես հիմա չեմ կարող ասել՝ այն ինձ ձևաչափով է լինելու, բայց որ թելեթոն լինելու է, և դրա հետ կապված աշխատանքներ տարվում են, միանշանակ է», - ասաց Դավիթ Բանուչյանը։
Նա ընդգծեց, որ այս տարվա հեռուստամարաթոնն իսկապես աննախադեպ է լինելու, շատ նոր գաղափարներ են առաջ քաշվել՝ հիմնադրամն ավելի մարդամոտ և թափանցիիկ դարձնելու։
«Մենք պատրաստվում ենք մամուլի հետ շատ սերտ համագործակցության ռազմավարություն մշակել։ Մենք պատրաստվում ենք մամուլի հետ կիսվել մեր բոլոր ծրագրերով։ Այնպես որ, սպասեք, մի քիչ ժամանակ տվեք մեզ, ինչպես ասում են՝ թողեք՝ աշխատենք (ծիծաղում է՝ հեղ.)», - ասաց մեր զրուցակիցը։