12/04/2019 18:01
Բացառիկ որևէ բան գործընթացից սպասել պետք չէ. քաղաքագետը՝ ԱՄՆ Սենատում Ցեղասպանության հարցի արծարծման մասին
ԱՄՆ Սենատում Ցեղասպանության ճանաչման հարցը կրկին քննարկելը կապված է բացառապես Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Դեյվիդ Մայքլ Սաթերֆիլդի թեկնածության հաստատման լսումների հետ: Սա Ցեղասպանության ճանաչմանն ուղղված առանձին նախաձեռնություն չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ սա Միացյալ Նահանգներում ընդունված գործընթաց է, և սենատորները մշտապես հնարավորություն են ունենում հարցեր ուղղել դեսպանների պոտենցիալ թեկնածուներին։
«Կոնկրետ այս դեպքում նշված հնարավորությունից օգտվել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով Ցեղասպանության մասին հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուին։ Սա առանձին գործընթաց չէ, այլ ընթացիկ վիճակ։ Այնպես որ, այստեղ որևէ բացառիկ բան չկա և բացառիկ որևէ բան այս գործընթացից սպասել պետք չէ», - ասաց Սուրեն Սարգսյանը։
Ըստ քաղաքագետի՝ Միացյալ նահանգների Սենատը դեսպանների նշանակման հարցում լուրջ ազդեցություն ունի, որովհետև այս կամ այն երկում ԱՄՆ դեսպան նշանակվում է Սենատի համաձայնությամբ։
«Այսինքն՝ նախագահը ներկայացնում է թեկնածությունը, և Սենատը հաստատում է այդ թեկնածությունը։ Ի դեպ, շատ են դեպքերը, երբ Հայաստանում կամ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանների թեկնածուները բավական երկար ժամանակ հացաքննվել են, մինչև այդ պաշտոնում նշանակվելը», - ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում բարձրացրել էր սենատոր Ռոբերտ Մենենդեսը։
Սենատորը մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին առաջադրված Դեյվիդ Մայքլ Սաթերֆիլդին՝ վերջինիս թեկնածության հաստատման լսումների ընթացքում:
«Դուք ճանաչո՞ւմ եք Հայոց ցեղասպանության փաստը», - դեսպանի թեկնածուին ուղիղ հարց էր ուղղել Մենենդեսը։