12/04/2019 14:26
«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում հանդես կգա Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երգչախումբը
«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում ապրիլի 12-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երգչախմբի համերգը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վլադիմիր Մինինի ղեկավարությամբ:
Համերգը նվիրվում է Կոմիտասի 150-ամյակին:
Վլադիմիր Մինինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III և IV աստիճանի շքանշանակիր, Պատվո շքանշանակիր, պրոֆեսոր, Համառուսական երգչախմբային հասարակության Մոսկվայի մասնճյուղի ղեկավար, Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երգչախմբի հիմնադիր:
Կյանքի 60 տարիները մաեստրոն նվիրել է երգչախմբային երաժշտությանը:
Հիմնադրելով Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երգչախումբը՝ Մինինը կարողացավ իրացնել իր ստեղծագործական մտահղացումները և երազանքից կյանքի կոչել գաղափարը, համաձայն որի երգչախումբը որպես մեներգիչների և պայծառ, ինդիվիդուալ կատարողների ունիկալ միավորում է:
Երգչախմբի երգացանկում մաեստրոն ընդգրկում է արևմտաեվրոպական դասականների, ժամանակակից ստեղծագործողների , ինչպես նաև խորհդային ստեղծագործողների հեղինակած ռուսական ազգային երգ-երաժշտություններ:
Վլադիմիր Մինինն այս երգչախմբով առաջինն էր, ով ռուս հոգևոր երաժշտությունը ներկայացրեց բեմում, քայլ, որն արգելված էր նախկինում, այնուհետ մեծ ջանքեր ներդրեց դրա հանրահռչակմանն ինչպես ՌԴ-ում, այնպես էլ արտերկրում:
Կոլեկտիվն արագ ձեռք բերելով միջազգային ճանաչում՝ ակտիվ հյուրախաղեր նախաձեռնեց:
Վլադիմիր Մինինը դարձավ նաև Համաշխարհային երգչախմբային խորհրդի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը:
Մինինի հիմնադրած պետական ակադեմիական կամերային երգչախումբը եղել և մնում է ռուս և համաշխարհային մշակույթի անկրկնելի գեղարվեստական երևույթներից մեկը:
Այն իր միստիկ հնչողությամբ և յուրահատուկ կատարողականությամբ, մաքրությամբ և պորֆեսիոնալիզմով անգերազանցելի երևույթ է կամերային երգեցողության մեջ: