12/04/2019 19:00
Կինոն ամենաանտեսված ոլորտն է պետության կողմից. սցենարիստ Հայկ Զաքարյանի նոր ֆիլմը պատմում է մոր ու զավակի կապի մասին (Տեսանյութ)
Համացանցում արդեն հասանելի է սցենարիստ, դերասան Հայկ Զաքարյանի «Նկարը» կարճամետրաժ ֆիլմը, որը 6 րոպեի ընթացքում պատմում է մոր և զավակի կապի մասին: Aysor.am-ի հետ զրույցում սցենարիստը խոստովանեց՝ սցենարը հանկարծակի է ծնվել, իսկ այն արդեն նկարի են վերածել ուղիղ 1 շաբաթվա ընթացքում:
«Ընկերուհիս միշտ հետաքրքրվում էր, թե ինչպես է ստեղծվում սցենարը, ոնց եմ ես գրում, հորինում: Ես էլ իրեն խնդրեցի, որ համակարգչին մոտենա ու գրի առնի այն, ինչ կասեմ: Հանպատրաստից սկսեցի թելադրել: Շարեց՝ ընթացքում հասկանալով ու պատկերացնելով ամեն ինչ: Ու արդյունքում ունեցանք «Նկարը», որի ռեժիսորն է հերեղբորս որդին՝ Մհեր Զաքարյանը: Ի դեպ, սա իր համար դեբյուտ է, հուսով եմ՝ հաջողված… Ասեմ, որ ես միշտ ստեղծագործել եմ հանպատրաստից, չեմ պլանավորել՝ ի՞նչ գրել: Ուղղակի, երբ սկսում եմ գրել, մտքերն իրենց ճամփան ընտրում են: Հավատացեք, իմ բոլոր սցենարները ես գրել եմ հենց այսկերպ», - ժպիտով մանրամասնեց Հայկ Զաքարյանը:
Կարճամետրաժ ֆիլմում նկարահանվել են Հայկ Զաքարյանը, Լիանա Մաթևոսյանը, Լեոն Ասատրյանն ու Թամարա Կարապետյանը:
«Ասեմ, որ հերոսուհու՝ Լիանա Մաթևոսյանի հետ մենք նախկինում էլ էինք հանդիպել նկարահանման հրապարակում, նա փորձառու դերասանուհի է ու այդ փորձով շատ օգնեց մեզ: Իսկ փոքրիկ Լեոնն ու նրա տատիկին մարմնավորող տիկին Թամարան դերասանական առաջին փորձն են կատարել մեր ֆիլմում։ Ու ասեմ, որ երկուսին էլ կինոաշխարհը գրավել էր, ցանկություն հայտնեցին նորից նկարահանվել: Ինչպես ասում են «Профессий много, но прекрасней всех- кино»», - պատմեց մեր զրուցակիցը:
Ռեժիսոր Մհեր Զաքարյանը «Նկարը» ֆիլմն արդեն ներկայացրել է առաջիկայում մեկնարկվող 5 փառատոնների, որոնցից երկուսը՝ հայկական:
Անդրադառնալով ֆիլմի բյուջեին՝ սցենարիստը չհերքեց. սա ֆիլմ է՝ փոքրիկ բյուջեով:
«Բյուջե չենք ունեցել, ծախսեր էլ գրեթե չեն եղել։ Տեխնիկայի առումով մեզ օգնեցին կինոգետ Անուշ Բաբայանն ու ռեժիսոր Հայկ Բաբայանը։ Մնացած մանր ծախսերը հոգացել ենք մեր գրպանից», - նշեց նա:
Դերասան, սցենարիստ, «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության համակարգող Հայկ Զաքարյանը նկատում է՝ կարճամետրաժ ֆիլմերը և առհասարակ կինոն այսօր Հայաստանում պահանջարկ չունեն։ Ասում է՝ չի գործում «Հայֆիլմ»-ը և կինոն ամենաանտեսված ոլորտն է պետության կողմից:
Երիտասարդ կինոսցենարիստն արդեն 5 կարճամետրաժ ֆիլմի հեղինակ է, որից մեկը նկարահանվել է Նիգերիայում: Լիամետրաժ ֆիլմի սցենար էլ ունի, բայց այն կյանքի կոչելու համար գումար է անհրաժեշտ: