12/04/2019 11:51
Ո՞վ է հանքի տերը. Հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու մասին նախագծին ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հանքարդյունաբերության ոլորտին առնչվող կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթին, որի խնդիրն է բացահայտել այդ ոլորտի իրական սեփականատերերին։
Այսպես, Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխություններով և լրացումներով, ինչպես նաև հարակից փաթեթով կառավարությունն առաջարկում է թափանցիկ դարձնել հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերին, բացահայտել նրանց։ Այլ կերպ ասած՝ նախագծով կառավարությունը փորձում է բացահայտել՝ ո՞վ է իրականում հանքի տերը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ նախագծերի փաթեթը կարգավորում է հանքարդյունաբերության ոլորտում իրականա սեփականատերերի բացահայտման ամբողջ գործընթացը։
Նախագծով, ըստ պաշտոնյայի, սահմանվել են իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացությունները, ինչպես նաև իրական սեփականատերերի գրանցման կարգը։
«Գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է հանրային ծառայության մասին օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց, բացառությամբ քննիչների և վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին», - նշեց Բաղրամյանը։
Զուգահեռ Հանրային ծառայության մասին օրենքում կատարված փոփոխություններով սահմանվում է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարգիր ներկայացնելու պարտականություն՝ անկախ իրավաբանական անձի բաժնեմասի մասնակցության չափից։
Ընդերքի մասին օրենսգրքով ներկայացվում են պահանջներ իրական սեփականատերերին բացահայելու մասին տեղեկանքի վերաբերյալ, իսկ որպես պատասխանատվություն սահմանվում է ընդերքօգտագործման իրավունքի կասեցում և դադարեցում։ Օրինագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2019-ի հուլիսի 1-ից։
Բաղրամյանը տեղեկացրեց, որ նախագիծը մշակելիս ուսումանսիրել են միջազգային փորձը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Եվրոպական երկրների։
Նկատենք, որ այս նախագիծը նախորդ 6-րդ գումարման խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել, ավելին, ԱԺ կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ։