13/04/2019 12:39
Ավտոմաքսատան երկու աշխատակից, լսելով Նիկոլ Փաշինյանի հորդորը, ազատվել է աշխատանքից. մյուսներին բանավոր նկատողություն է հայտարարվել
Նիկոլ Փաշինյանի հորդորով ՊԵԿ երկու աշխատակիցներն ազատվել են աշխատանքից, Aysor.am-ի հարցման ի պատասխան տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
ՊԵԿ-ից հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՊԵԿ-ի Արարատյան մաքսատուն-վարչության մասնաշենք կատարած այցի ընթացքում տարածքի ոչ պատշաճ սանիտարական վիճակի համար պատասխանատու աշխատակցիներին հայտարարվել է բանավոր նկատողություն։
«Կոմիտեի մաքսատուն-վարչության պետի տեղակալ, ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման գործընթացի պատասխանատու Հայկ Միրզոյանը և նույն մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի ավագ մաքսային տեսուչ Հայկ Մարտիրոսյանը, լսելով ՀՀ վարչապետի հորդորը, իրենց նախաձեռնությամբ, անձնական դիմումի համաձայն, ազատվել են աշխատանքից», - տեղեկացրեցին ՊԵԿ-ից։
Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն, նկատել էր, որ տարածքը անբարեկարգ է:
«Սա խայտառակ, կեղտոտ վիճակ ա: Սա վերաբերմունք ա մեր դրոշին ու զինանշանին: Բոլորը ազատվեն աշխատանքից, ովքեր այստեղ աշխատել են, բոլորը հեռացվեն աշխատանքից», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Օրեր առաջ էլ լրագրողի հարցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ աշխատակիցները պետք է հեռացվեն, վարչապետն ասել էր. «Ես մի բանը մի անգամ եմ ասում»։