13/04/2019 11:25
«Սպայկա»-ի տնօրենին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
«Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ենք ներկայացրել: Բողոքը ներկայացվել է երեկ, իսկ քննության օրը դեռ հայտնի չէ», - Aysor.am-ին տեղեկացրեց Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:
Ապրիլի 8-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կալանավորել «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին։
Ղազարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար։
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ:
ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։