13/04/2019 14:05
Հաղթանակս նվիրում եմ Յուրի Վարդանյանի վառ հիշատակին. Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգի փոխչեմպիոնի կոչումը նվաճած Սամվել Գասպարյանը մեկնաբանել է իր մրցելույթը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ չցուցադրեցի առավելագույն հնարավորություններս: Երեւի, մի քիչ խանգարեց լարվածությունը:
Պատրաստ էի 5-ական կգ ավելի բարձրացնել մարզումներին ցուցադրածս արդյունքներից: Իմ կարծիքով, լարվածությունը խանգարեց: Կաշխատեմ իմ սխալների վրա:
Կձգտեմ ապագայում այս արդյունքը փոխել ոսկե մեդալով: Աշխարհի առաջնությունում կփորձեմ ամենաքիչը կրկնել այս արդյունքը եւ բարձրացնել ավելի լուրջ քաշեր: Կաշխատեմ լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ, որպեսզի աշխարհի առաջնությունում ոչինչ չխանգարի ինձ: Այս հաղթանակս նվիրում եմ Յուրի Վարդանյանի վառ հիշատակին»,- նշեց Սամվել Գասպարյանը, ում խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ը։
Նշենք, որ Սամվել Գասպարյանն իր ելույթից հետո լրագրողների հարցերին պատասխանում էր լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի պատկերով շապիկով։
Հիշեցնենք, որ երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 377 կգ (168+209) արդյունք: Պոկում վարժությունում նա հաջող կատարեց միայն երրորդ մոտեցումը եւ ցուցադրեց 5-րդ արդյունքը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: