13/04/2019 13:31
Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է. հնչել են կրակոցներ, կան վիրավորներ
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է։ Գյուղացիները, ի նշան բողոքի, փակել են գնացքի ճանապարհը՝ նստելով ռելսերի վրա։
Պատճառն, ըստ նրանց, գյուղապետն է. գյուղացիները պահանջում են վերջինիս հրաժարականը։
Գյուղապետի հրաժարականը պահանջողների ու գյուղապետին սատարողների միջև վիճաբանություն է տեղի ունցել, որն ավարտվել է կրակոցով։
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ գյուղացիներից մեկը որսորդական հրացան է գործադրել։
«Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան ու միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին», - ասաց Աշոտ Ահարոնյանը։
Նա նշեց, որ միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։
«Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով, առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։ Վնասվածքը լուրջ չէ», - ասաց Ա. Ահարոնյանը։
Նա ասաց, որ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ վերահսկում են օպերատիվ իրավիճակը։