15/04/2019 11:05
Իտալիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին որոշումը քաղաքական բնույթի փաստաթուղթ է. դեսպան
Իտալիայի պատգամավորների պալատում ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման ընդունումը քաղաքական բնույթի փաստաթուղթ է, որով Իտալիայի Խորհրդարանն իր գնահատականն է տալիս Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ որակելով դրանք որպես ցեղասպանություն և կոչ անելով կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարցին տալ միջազգային հնչեղություն։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը՝ հավելելով, որ որոշումը կարևոր է նաև նրանով, որ արտահայտում է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի՝ թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր, միասնական կարծիքը։
«Ինչպես նշեցի, որոշումը քաղաքական բնույթի փաստաթուղթ է, ըստ այդմ օրենսդիրից գործադիր տեղափոխելու անհրաժեշտություն չկա։ Պատգամավորների պալատում նախաձեռնությունների քննարկման ժամանակ, որպես կանոն, ելույթ է ունենում նաև կառավարությունը ներկայացնող որևէ բարձրաստիճան պաշտոնյա, որը, սակայն, անկախ դիրքորոշումից, ուղղակիորեն չի ազդում պատգամավորների կամարտահայտության իրավունքի վրա», - ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ բանաձևի ընդունումից հետո ի՞նչ արձագանքներ են հետևել այդ երկրում Թուրքիայի դեսպանատնից, տեղյա՞կ է՝ արդյոք թուրքական համայնքի կողմից բողոքի ակցիաներ և նմանատիպ այլ գործողություններ նախատեսվում են, Վիկտորիա Բաղդասարյանը պատասխանեց.
«Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման քննարկումից անմիջապես հետո, Անկարայում Իտալիայի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի կառավարություն՝ պարզաբանումներ ներկայացնելու։ Իտալիայում Թուրքիայի դեսպանը շտապ հանդիպում է խնդրել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտա Գրանդեի և կառավարության հետ։
Որոշման ընդունումից հետո Իտալիայում Թուրքիայի դեսպանության միակ արձագանքը եղել է այն, որ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղվել է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությունը՝ Որոշման ընդունման վերաբերյալ։ Այս պահի դրությամբ որևէ տեղեկատվություն չունեմ թուրքական համայնքի բողոքի ակցիաների անցկացման և նմանատիպ այլ գործողությունների մասին»։
Հիշեցնենք, որ Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը երեկ 382 կողմ և 43 ձեռնպահ ձայնով հավանության է արժանացրել Իտալիայի կառավարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անող նախաձեռնությունը: Պատգամավորների պալատի այս նախաձեռնությունը հարուցել էր Թուրքիայի զայրույթը։ Այդ երկրում Իտալիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: