15/04/2019 17:19
2-3 ամսվա ընթացքում հայկական կողմից ամեն ինչ ավարտված կլինի, սպասենք ռուսական կողմի արձագանքին. փոխնախարարը՝ ՀԱԷԿ վարկի մարման ժամկետի երկարաձգման մասին
Հայաստանի Հանրապետությունը սկսել է գործընթացը ՌԴ կողմից ՀԱԷԿ-ի վերանորոգման համար տրամադրված վարկի սպասարկման ժամկետների երկարաձգման ուղղությամբ, այս մասին Սոչիում ընթացող «Atomexpo2019» համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Սոչիից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը։
«Վարկի սպասարկման երկարաձգման համար գործողությունները կան, որոնք պետք է կատարվեն։ Պետք է աշխատանքների հստակ գրաֆիկը Ռոսատոմի հետ երկկողմ ստորագրվի, որի հիման վրա էլ արդեն կամրագրվի ժամկետի երկարացումը», - ասաց փոխնախարարը։
Նա ընդգծեց, որ ԱԱՀ մասով ՀՀ օրենսդրության հետ կապված խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, որից հետո երկարաձգման մասին համաձայնագիրը կստորագրվի։
«Գործընթացը սկսվել է, քննարկումները ՊԵԿ-ի հետ ԱԱՀ մասով են գնում, գրաֆիկը նախնական արդեն պատրաստ է։ 2-3 ամսվա ընթացքում մեր կողմից ամեն ինչ ավարտված կլինի, սպասենք ռուսական կողմի արձագանքին»,- ասաց Վարդանյանը։
ՀԱԷԿ տնօրեն Մովսես Վարդանյանը նկատեց, որ վարկը կազմում է 300 մլն դոլար, որից 270 մլն-ը վարկն է, 30-ը՝ դրամաշնորհ։
«Այս պահի դրությամբ կնքվել են 184 մլն-ի պայմանագրեր, մնացած մասն ազատ է և մինչև տարվա վերջ հնարավոր չէ այդ գումարը ծախսել, դրա համար մենք դիմում ենք, քանի որ կա աշխատանքների խմբաքանակ, որը նախատեսված էր կատարել, բայց չհասցրինք»,- ասաց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ հայկական կողմը դիմել էր ՌԴ-ին վարկի սպասարկման ժամկետը մինչև 2021 թվականը երկարաձգելու համար։