15/04/2019 15:08
Ունենք դուխով առաջ գնալու կառավարություն. Զեյնալյանի արձագանքը` Գևորգ Պետրոսյանին
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը, որով կրճատվում էր նախարարությունների, ինչպես նաև աշխատողների թիվը, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «կասկածելի բարեփոխում» է համարում։
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը և դրան կից փաթեթը ներկայացնելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ նախարարությունների թիվը 17-ից դառնալու է 12, սակայն հստակ չասաց, թե մասնավորապես որքա՞ն աշխատող է կրճատվելու։
Պատգամավոր Պետրոսյանը հետաքրքրվեց` որքա՞ն աշխատող է կրճատվելու «կասկածելի բարեփոխումների արդյունքում»։
Ի պատասխան, Արտակ Զեյնալյանն ասաց, որ կառավարությունը չի համարում բարեփոխումները կասկածելի. «Սա կասկածելի չէ մեզ համար, սա լեգիտիմ կառավարության համոզմունքն է»։
Ինչ վերաբերում է կրճատվող աշխատակիցների թվին, նախարարը դարձյալ հստակ որևէ թիվ չնշեց՝ ընդգծելով, որ կրճատվելու են մի քանի տասնյակ քաղաքական ու հայեցողական պաշտոններ, իսկ կրկնվող և աջակցող ստարաբաժանումներից կրճատումների թիվը կլինի մի քանի հարյուր։ Դարձյալ ոչ մի հստակ թիվ։
«Քանի՞ մարդ է դառնալու գործազուրկ, քանի՞ մարդ է ծեծելու զբաղվածության գործակալության դռները, քանի՞ մարդ է հավակնելու արտագաղթի։ Դրա համար ենք թվեր ուզում իմանալ, պարո'ն նախարար։ Մենք ի՞նչ ենք ունենալու և հանուն ինչի՞։ Դուք այնպիսի նախարարություններ եք միացնում, որ անհասականալի է՝ ի՞նչ կապ ունի այսօրվա կրթության նախարարը սպորտի հետ։ Կբացատրե՞ք ուղղակի կապը»,- հարցեր բարձրացրեց Գևորգ Պետրոսյանը՝ առաջարկելով ստեղծել «դուխով առաջ գնալու նախարարություն»։
Արդարադատության նախարարը, պատասխանելով Պետրոսյանին նկատեց, որ դժվար թե գտնվի մի նախարար, որը հավասարաչափ առնչություն ունենա իր ենթակայությամբ բոլոր ոլորտների հետ.
«Նախարարների պաշտոնները քաղաքական պաշտոններ են, և նրանք ունենում են իրենց տեղակալները, որոնք դրանց համար պատասխանատու են։ Նախարարն ընդունում է քաղաքական որոշումներ»։
Անդրադառնալով պատգամավորի առաջարկին, նախարարը նշեց.
«Մենք շատ ավելի բարձր մակարդակի կառույց ունենք, քան դուխով առաջ գնալու նախարարությունն է։ Ունենք Ազգային ժողով և կառավարություն, առհասարակ, ունենք դուխով առաջ գնալու կառավարություն և ոչ թե նախարարություն»։