15/04/2019 19:37
Հայաստանում տարածված հնդկական սերիալների սիրված հերոսները «կգրավեն» Մարզահամերգային համալիրի բեմը. մանրամասնում է Վարդան Սարգսյանը
«Մերժվածը», «Թռիչք», «Հարսիկը»… Սրանք հայկական հեռուստաընկերություններով վերջին տարիներին ցուցադրվող հնդկական սերիալների անուններն են, որոնց հերոսներն ընդամենը շաբաթներ անց Հայաստանում կլինեն: Մայիսի 31-ին Երևանի Մարզահամերգային համալիրում տեղի կունենա հնդկա-հայկական երեկո: Aysor.am-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ, երգիչ Վարդան Սարգսյանը նշեց՝ նման մտահղացում առաջացել էր դեռևս 1 տարի առաջ, երբ Հնդկաստանում հեռուստածրագրի շրջանակներում հանդիպել է այն դերասանների հետ, որոնց մասնակցությամբ ֆիլմերը մեր երկրում ամենատարածվածն են:
«Դրանից հետո բազմաթիվ նամակներ էի ստանում, երկրպագուները գրում էին, որ իրենք էլ են ուզում հանդիպել, նվերներ էին ուղարկում: Հասկանալով, թե ինչ հետաքրքրություն են առաջացրել հայ հեռուստադիտողի մոտ, որոշեցի դերասաններին հրավիրել Հայաստան: Իհարկե, այդ ամենը կազմակերպելը դժվար էր, քանի որ արտիստները բավականին զբաղված են: Նաև, իրենց Հայաստան ժամանելը կապված էր մեծ ծախսերի հետ: Սակայն երկրպագուների նամակներնն այնքան շատ էին, որ որոշեցի նրանց անպայման Հայաստան բերել»,- մանրամասնեց Վ. Սարգսյանը:
Ռաշամի Դեսայիին (Տապասիա), Թինա Դատտային (Իչա), Սպանդան Չատուրվեդիին (Չակոր), Գաուրավ Չոպրային, Վիջաենդրա Կումերիային, Մրունալ Ջայինին և մյուս հնդիկ դերասաններին Հայաստանում կընկերակցեն Միհրան Ծառուկյանը,Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Գոռ Հակոբյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ալլա Լևոնյանը, Վարդան Սարգսյանը, Սոնա Շահգելդյանն ու այլք:
Հնդկա-հայկական համերգային երեկոյի ընթացքում հայ արտիստները հնդկական հիթային կատարումներ կհնչեցնեն, հնդիկ դերասաններն էլ կպարեն:
«Սպասվող երեկոյի մասին փակագծերը շատ չեմ բացի, միայն կասեմ, որ գունեղ ու անմոռանալի օր է սպասվում: Հնդկատանը հրաշալի մշակույթ, գեղեցիկ երգեր ունի, որոնք նաև հայ կատարողները յուրովի կներկայացնեն: Գեղեցիկ անակնկալներ են սպասվում հանդիսատեսին»,- խոստացավ Վ. Սարգսյանը:
Նկատելի է, որ ոչ բոլոր սիրված կերպարներն են Հայաստան այցելելում: Հարցին, թե ի՞նչ սկզբունքով է որոշվել՝ ո՞վ գա, ով՝ ոչ, կազմակերպիչը պատասխանեց.
«Իսկապես, շատ սիրված դերասաններ կան, ովքեր ընդգրկված չեն ծրագրում: Պարզ է, եթե Հայաստանում ցուցադրվում է 5-6 սերիալ, բնականաբար, 20-25 դերասան առնվազն ամեասիրվածն են ու շատ երկրպագուներ ունեն: Հրավիրել այդքան դերասանի՝ հոգալով իրենց հոնորարը, ճանապարհածախսն ու կեցության հարցը, բավական բարդ է: Մենք ստիպված կլինեինք համերգի ամենաէժան տոմսը 50 հազար դրամ սահմանել: Չեմ կարծում, որ ժողովուրդը ի վիճակի էր նման գումարներ վճարել ու գալ համերգին: Դրա համար սահմանափակ թվով դերասանների ենք հրավիրել, ըստ իս՝ լավագույններին: Այսկերպ, կունենանք գեղեցիկ ու հետաքրքիր երեկո, որը նաև հասանելի է մարդկանց գրպանին: Մեր արտիսների հետ միասին՝ 15 հոգի, գունեղ կդարձնենք համալիրի բեմը»:
Հատկանշական է, որ ժամանող հնդիկ արտիստները բոլորն էլ Հայաստանում առաջին անգամ են լինելու: Սակայն, Վարդան Սարգսյանի համոզմամբ, նրանք քիչ բան չգիտեն մեր երկրի մասին, ու այդ կարևոր հարցում նրանց օգնել են հայ երկրպագուները՝ նամակների միջոցով:
«Այս այցելությունը կարևոր է նաև տուրիզմի առումով: Հնդիկ դերասանները բավականին շատ հետևորդներ ունեն ինստագրամի իրենց էջերում, ու նրանց՝ Հայաստանից հրապարակած յուրաքանչյուր նկար ու տեսանյութ հետաքրքրություն կառաջացնի մեր երկրի նկատմամբ: Ինքս այս պահին զբաղվում եմ տուրիզմով, ունեմ տուրիստական գործակալություն, ու շատ լավ գիտակցում եմ, թե զբոսաշրջիկն ինչ կարևոր է այս կամ այն երկրի համար»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Վարդան Սարգսյանը: