16/04/2019 16:11
ԱԺ նախագահը ՍԴ դատավորի թեկնածուի վարքագծում խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է նկատել
Այս պահին խորհրդարանի նիստերի դահլիճի նախասրահում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունն է ընթանում։ Փակ գաղտնի քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 17։00-ն։
Մինչ այդ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում անդրադարձավ թեկնածու Գոռ Հովհաննիսյանի առաջադրման պատմությանը՝ տեղեկացնելով, որ նրա թեկնածության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի մեջ խնդիրներ են եղել։
«Ներկայացված փաստաթղթերի առնվազն զգալի մասը հայերեն չի եղել, այլ օտար լեզվով՝ գերմաներենով»,- ասաց Միրզոյանն՝ ավելացնելով, որ բացի այդ, փաստաթղթերը լիարժեք չեն եղել, չի բավարարել թեկնածուի աշխատանքային ստաժը։
«Հիմա հարցնում եք՝ եթե չի բավարարել փաստաթղթերի պահանջը, ինչո՞ւ եք գրանցել թեկնածուին, որովհետև կարելի էր կառչել օրենքի տառին ու խանգարել պետական մարմնին՝ տվյալ դեպքում ՀՀ նախագահին, իրականացնել իրեն վերապահված լիազորությունները։ Արդյոք ճի՞շտ մոտեցում է՝ ոչ։ Օրենքի տառը երբեք չպետք է գերակա լինի օրենքի ոգուն»,- նշեց Միրզոյանը՝ ընդգծելով, որ ինքը գրությամբ դիմել է ՀՀ նախագահին առաջարկելով շտկել փաստաթղթերում առկա լեզվի հետ կապված խնդիրը և ապացույցների մասը։
Նախագահի աշխատակազմից պատասխանել են, որ խնդիրների մասին դիտարկումները կփոխանցվեն թեկնածուին և ԱԺ նախագահի փոխանցմամբ, թեկնածուն այդ ամենից հետո միայն ներկայացրել է նոր կենսագրական տվյալներ, նոր փոփոխություններ։
«Այս փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո նոր հարցեր են առաջացել։ Այս շփոթը վերացնել չի ստացվել, այս շփոթը առկա է, և թեկնածուն, ցավոք սրտի, չի վերացրել դրանք։ Թեկնածությունը ներկայացված է ձեր դատին։ Շատ լավ է, որ այս քննարկումը եղավ։ Կարծում եմ, որ սա ոչ միայն քաղաքական որոշման հարց է, ոչ միայն մասնագիտական, այլ նաև շատ հստակ Ազգային ժողովի՝ որպես ինստիտուտի նկատմամբ ունեցած հարգանքի։ Շատ կան շատ լավ թեկնածուներ, որոնք այս կամ այն առումով մի քիչ չեն համապատասխանում, հիմա մենք պետք է ամեն անգամ ոտնահարե՞նք այս հարցերը, անտեսե՞նք դրանք։ Գաղտնի քվեարկություն է լինելու, յուրաքանչյուրդ իր դիրքորոշումը կարող է հայտնել քվեարկությամբ»,- նշեց Արարատ Միրզոյանը։