16/04/2019 13:26
Լեփսիուսի փողոցում հնչած կրակոցների հետևանքով մահացած երիտասարդը «Արարատ 2» ակումբի դարպասապահն էր
Լեփսիուսի փողոցում հնչած կրակոցների հետևանքով մահացած 23-ամյա երիտասարդը «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահն էր։
«Ցավոք, մահացածը մեր երկրորդ թիմի դարպասպահ Մուշեղ Ղևոնդյանն է», - Aysor.am-ին հայտնեցին «Արարատ» ակումբից։
Հիշեցնենք՝ երեկ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ–ից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Նույն օրը «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 թվականին ծնված երիտասարդ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները մարմնական վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցում, որտեղ դեռևս ինքնությունը չպարզված անձը կրակ է բացել նրանց ուղղությամբ:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: