16/04/2019 16:33
Աշխատած միջուկային վառելիքը Հայաստանից կարող է դուրս բերվել Վրաստանի միջոցով. ծրագիրն ուսումնասիրության փուլում է
Վրաստանի հետ բանակցություններ են նախատեսված աշխատած միջուկային վառելիքը Հայաստանից դուրս բերելու մասով, «Atomexpo-2019» համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վարկային և դրամաշնորհային վարչության պետ Վարդան Մարտիրոսյանը։
Նա նկատեց, որ պիլոտային ծրագիր այս պահին ուսումնասիրության փուլում է, Սոչիից փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը:
«Տրանսպորտա-տեխնոլոգիական ուղու վրա ենք աշխատում, փորձելով հասկանալ՝ տեղափոխելու համար տեխնիկական հնարավորություն ունե՞նք, թե՞ ոչ։ Երկրորդ էտապում տեխնիկա-տնտեսական հիմնավորումներ պետք է լինեն հասկանալու պիլոտային ծրագրի էֆեկտիվությունը», - ասաց Վ.Մարտիրոսյանը։
Ծրագրի արժողությունը, նրա խոսքով, դեռևս պարզ չէ:
«Ծախսերը ֆինանսավորելու է Հայաստանը: Ենթադրաբար որոշակի տնտեսական էֆեկտիվության դեպքում ստանալով որոշակի զիջումներ ռուսական կողմից», - ասաց նա։
«Ռոսատոմ» ընկերության դուստր «Տեխսնաբէքսպորտ» ընկերության տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Տովստենկոն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ հարցով Հայաստանի կառավարությունը դեռևս պաշտոնապես չի դիմել ռուսական կողմին և ընթանում են բանակցություններ:
Ըստ նրա, այդ հարցը պետք է լուծվի ՀՀ և ՌԴ կառավարության մակարդակով, որից հետո միայն գործընթացին կմիանան փորձագետներ ու կատարողներ։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման հայ-ռուսական համատեղ համակարգող կոմիտեի նիստում որոշում էր կայացվել ԱՄՎ խմբաքանակի դուրսբերման և վերամշակման պիլոտային նախագիծ նախապատրաստելու մասին: