16/04/2019 14:35
ՀԱԷԿ-ին մատակարարվող վառելիքի գները ձեռնտու են հայաստանյան գործընկերների համար. Օլեգ Գրիգորև
Հայկական ԱԷԿ-ի տնօրինությունը Սոչիում ընթացող «Atomexpo-2019» համաժողովի շրջանակում հանդիպելու է ատոմակայանին վառելիք մատակարարող «ТВЭЛ» ընկերության ներկայացուցիչների հետ, Սոչիից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը։
«ՀԱԷԿ տնօրեն Մովսես Վարդանյանի հետ այսօր կլինեն բանակցություններ։ Երեկ և երեկ չէ առաջին օրը հանդիպել ենք Մովսես Վարդանյանի հետ։ Վառելիքի մատակարարման մասով որևէ տարաձայնություն չկա։ Վառելիքը մատակարարվում է ստաբիլ։ ՀԱԷԿ-ում նաև վառելիքի ռեզերվ կա, հետևաբար, եթե անգամ դժվարություն առաջանա մատակարարման հետ, դա ատոմակայանի աշխատանքների համար խնդիրներ չի ստեղծի», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանին միջուկային վառելիք մատակարարող «ТВЭЛ» ընկերության փոխնախագահ Օլեգ Գրիգորևը։
Հարցին՝ կլինե՞ն քննարկումներ մատակարարվող վառելիքի գնի շուրջ, Օ.Գրիգորևն ասաց, որ գինը կոմերցիոն տեղեկատվություն է:
«Հավաստիացնում եմ, որ գները ձեռնտու են մեր հայաստանյան գործընկերների համար», - նշեց նա: