16/04/2019 15:07
«Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք». Հայկ Մարությանի նամակը՝ Փարիզի քաղաքապետին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նամակ է հղել Փարիզի գործընկերոջը՝ Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ։
«Խորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին:
Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը...
Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երևանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի վերակառուցել այս հիասքանչ տաճարը՝ միջնադարի հրաշալիքներից մեկը, և այն կշարունակի հիացնել և հյուրընկալել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհից:
Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք»,- ասված է Հայկ Մարությանի նամակում։