17/04/2019 11:48
Ինչու՞ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը. Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնի մոտ հանեց պիջակը (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին այսօր կառավարության կառուցվածքի մասին օրինագծի քննարկման ժամանակ հետաքրքրում էր՝ «ինչու՞ է իշխանությունը հագել Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը»։
«Հայտնի է, որ այս պետական կառավարման կառոոււցվածքը անվանվել է «Սերժ Սարգսյանի կոստյում»: Հիմա դուք բերել եք նախագիծ, առաջարկում եք անել հետևյալ բանը՝ ասում եք՝ այս կոստյումի այս կոճակները հանում ենք, մեկ էլ այս կողմից երկու կոճակ եք հանել ու ասում եք՝ այս կոստյումը արդեն մենք հագնում ենք, սա լավ կոստյում է: Ուրեմն այն կոստյումը, որը կարվել էր, չի փոխվել, և սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ»,- ասաց Մարուքյանը:
Նրան նաև հետաքրքրում էր՝ ինչո՞ւ այս նախագծով վարչապետի խոստումը չի կատարվել:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը կարծում է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, հետևաբար, մտնելու են կառավարության կառուցվածք։
Մարուքյանը ներկայացրեց կառավարության կառուցվածքի իրենց տարբերակը, ըստ որի պետք է ստեղծվի Ներքին գործերի նախարարոություն և Ազգային անվտանգվության նախարարություն:
ԱԱԾ քննչական համակարգը, նրա խոսքով, պետք է դուրս գա նախարարությունից և տեղափոխվի քննչական կոմիտե: Նույնը վերաբերում է ՊԵԿ քննչական դեպարտամենտին։
«Ձեր ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանի համակարագն է, կոստյումից երկու կոճակ եք հանել, հենց գիտեք թե բան եք փոխել: Այդ երկու կոճակը հանելով՝ վարչապետը մնացել է ԱԱԾ պետը, մնացել է ոստիկանության պետը»,- ասաց Մարուքյանը:
Նոր Հայաստանում, ըստ Մարուքյանի, արատավոր համակարգերը պետք է վերանան ու հաշվետու լինեն ժողովրդին, իսկ հաշվետու կարող են լինել խորհրդարանի միջոցով:
«Հիմա ասեք՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել և ինչն է պատճառը, որ հեղափոխությունից մեկ տարի անց դուք այդպես էլ չեք կողմնորոշվում, թե ինչպես պետք է մեր պետական կառավարման համակարգը դարձվի բաց, ժողովրդավար ու հաշվետու»,-կոստյումը հագից հանեց ու կոճակները ցույց տալով հարցադրում արեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։