17/04/2019 16:31
«Ձեզանից քանի՞սը գիտի, որ դեկտեմբերի 8-ին ընտրություն է եղել». Արծվիկ Մինասյանը բարձրաձայնում է կառավարության սխալները
Դաշնակցությունը հանդիպման առաջարկ է արել «Լուսավոր Հայաստան»-ին, ԲՀԿ-ին ու «Իմ քայլ»-ին։
«Մենք մշտապես քննարկման մեջ ենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ, պատրաստ ենք համագործակցել նաև մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ», - ասաց նա։
Արծվիկ Մինասյանն ասաց, թե երբ կառավարության կառուցվածքի վերաբերյալ առաջարկները ուղարկել են «Իմ քայլը» խմբակցությանը, ստացել են զրո արձագանք։
«Ավելին, հրավիրել ենք իրենց քննարկման՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասով. զրո ընկալում, զրո արձագանք։ Հարց է առաջանում՝ պատրա՞ստ են էս անձինք, էս ընկերները աշխատելու հասարակության հետ, ինչպես իրենք են ասում, համերաշխության մթնոլորտում», - ասաց Արծվիկ Մինասյանը։
«Օրերս Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ հետաքրքրվելու՝ արդյոք ծանոթ է վարչապետը ՀՅԴ-ի մոտեցումներին կառավարության ծրագրի վերաբերյալ, աշխատակազմից պատասխան է գալիս ու գիտեք՝ ի՞նչ է պատասխանի մեջ գրված՝ գրված է՝ վարչապետը ծանոթ է ամբողջությամբ, բայց մենք իրականացնում ենք կառավարության ծրագիր, որը հիմնված է 2018 թվականի դեկտեմբերի 8-ի ընտրության արդյունքների վրա։ Ձեզանից քանի՞սը գիտի, որ դեկտեմբերի 8-ին ընտրություն է եղել, սա պատասխանի որակի մասին է խոսում», - ընդգծեց Արծվիկ Մինասյանը։