17/04/2019 11:11
Դատախազ. Կոռուպցիոն սխեմաներով գայթակղված պաշտոնյաները այլևս չեն կարող վստահ լինել, որ իրավապահները չեն տեղեկանալու (Տեսանյութ)
2018 թվականի ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի համար առիթ հանդիսացած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումները, ԶԼՄ-ների հրապարակումները գրեթե 3.6 անգամ ավելի շատ են եղել, քան 2017 թվականին, «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի ներքո» համաժողովին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Կարող ենք արձանագրել, որ մեր հասարակությունը կոռուպցիայի նկատմամբ դարձել է ավելի անհանդուրժող։ Կոռուպցիոն սխեմաներում ներգրավելու գայթակղություն ունեցող ցանկացած պաշտոնատար անձն այլևս չի կարող վստահ լինել, որ դրա մասին իրավապահ մարմնինները չեն տեղեկանալու, և որ ամենակարևորն է, այդ անձինք այլևս չեն կարող իրենց արարքների համար չպատժվելու վստահություն կամ երաշխիքներ ունենալ՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոնների մակարդակից, ունեցած կապերից և հնարավորություններից», - հայտարարեց գլխավոր դատախազը։
Նա նաև ոգևորիչ համարեց պետական կառավարման համակարգից եկող կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության հստակ ազդակները։
«Դրանք թույլ են տալիս հանրային կարծիք ու համոզմունք ձևավորելու, որ պետությունը, իրավապահ բոլոր մարմիններն այս պայքարում անկեղծ են ու ազնիվ և տրամադրված են վճռական», - ասաց Արթուր Դավթյանը։