17/04/2019 10:18
«Ժողովուրդ». Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը պատրաստ կլինի 2019թ. վերջին
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը սկսել է աշխատել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի փոփոխությունների ուղղությամբ: Փաստաթուղթը, հիշեցնենք, ընդունվել է դեռ 2007թ. հունվարին ու այս 12 տարիների ընթացքում որևէ փոփոխության չի ենթարկվել:
Փոխարենը այս ընթացքում լրջագույն փոփոխություններ են եղել և՛ ՀՀ-ում, և՛ տարածաշրջանում, և՛ համաշխարհային քաղաքական թատերաբեմում, ինչն էլ իր հերթին առաջ է բերել նոր մարտահրավերներ:
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մասին ակտիվ քննարկումներ եղան հատկապես 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո։ Սերժ Սարգսյանը վերջին անգամ այդ մասին խոսել էր 2018 թվականի հունվարին, երբ ամիսներ անց ՀՀ-ն ամբողջությամբ անցնելու էր խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ ինքն էլ փորձելու էր երկարաձգել իշխանությունը` զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը: Բայց համաժողովրդական ճնշման ներքո ապրիլին Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից. ՀՀ-ում հաղթանակեց թավշյա հեղափոխությունը:
Ինչևէ, այսօր նոր պայմաններում ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայման և լուրջ վերամշակման կարիք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա անվտանգության նոր ռազմավարությունը գրելիս ԱԱԽ-ն ծրագրել է անցկացնել լայն քննարկումներ, հանդիպումներ ունենալ առանցքային քաղաքական ուժերի, քաղհասարակության, պատգամավորների հետ, ստանալ առաջարկներ և նոր միայն մշակել այն։
Ավելին, մենք տեղեկացանք, որ արդեն քննարկումների որոշակի կառուցվածք է առկա, և առաջիկայում հանդիպում կլինի փորձագիտական շրջանակի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որից հետո էլ կլինի վարչապետի որոշումը՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, և դրանից հետո միայն լայն թափով կսկսվեն այդ աշխատանքները։ Ու չնայած հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն, ըստ ամենայնի, փաստաթուղթը պատրաստ կլինի 2019թ. վերջին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։