Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայում ապրիլի 15-ին տեղի ունեցած հանդիպման արդյունքներով հրապարակվել է դրան մասնակցող կողմերի համատեղ հայտարարությունը, որտեղ արդեն իսկ նշված են քննարկված թեմաները, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Համատեղ հայտարարությունները հենց այն նպատակով են արվում, որ դրանցում ամփոփվեն հանդիպման բոլոր մասնակիցների միջև համաձայնեցված ձևակերպումները։ Համաձայնեցված ձևակերպումներից դուրս, դրանց հակասող հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության ամրապնդմանը, առավել ևս եթե դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը», - նշեց նա:
Ա.Նաղդալյանն ընդգծեց, որ «ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում»։
«Ավելին, քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում»:
Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել էր, որ Մոսկվայում ապրիլի 15-ին ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարների հանդիպմանը քննարկվել են ռուսաստանյան կողմի 2016 թվականի առաջարկությունները:
«Ադրբեջանի արտգործնախարարն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ 2016-ի առաջարկներն են քննարկվել: Եվ ես այստեղ հավելելու բան չունեմ», - ասել է Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Սերբիայի արտգործնախարարի հետ ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ առաջարկությունների մանրամասները գաղտնի են:
«Անշուշտ, մենք ցանկանում ենք նոր բովանդակություն հաղորդել խաղաղ գործընթացին և մեր առաջարկությունները միջնորդների միջոցով ներկայացրել էինք ադրբեջանական կողմին»։
Մինչդեռ
ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում՝ Հայաստանի կողմից Ադրբեջանին արված առաջարկների վերաբերյալ մանրամասներ ներկայացնելուց։
Aysor.am-ը կառավարությունից խնդրել էր պարզաբանել՝ ի՞նչ առաջարկություններ են ներկայացվել Ադրբեջանին ու դրանց վերաբերյալ ի՞նչ արձագանք է ստացվել։
«Ինչպես հայտնի է, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը խորհրդապահական է, հետևաբար ձեռնպահ ենք մնում մանրամասներ ներկայացելուց», - հարցմանն ի պատասխան՝ նշել են ՀՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: