18/04/2019 12:39
Գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակելու. Գարեգին Բաղրամյան
Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը հերքում է տեղեկությունները, թե գազի գնի հարցում պետությունը պարտքեր է կուտակում։
«Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծված նշել, որ որևիցե պարտք պետության կողմից չի կարող կուտակվել», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Գարեգին Բարամյանը, որը եկել էր խորհրդարան նախագիծ ներկայացնելու համար։
Նկատենք, որ հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր (150 ԱՄՆ դոլարից դարձավ 165 ԱՄՆ դոլար՝ սահմանին) Հայաստան մատակարարվող գազի գինը, և Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով, իսկ տարբերությունը փոխհատուցվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից։
Պաշտոնյան տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մշակել է որոշակի առաջարկություններ, թե ինչի հաշվին է իրականացվելու գնի սուբսիդավորումը և այդ առաջարկությունները պետք է քննարկի ռուսական «Գազպրոմ» ընկերությայն հետ։
Մեր դիտարկմանը, թե ըստ մամուլի, «Գազպրոմ Արմենիան» գնի սուբսիդավորումը կատարում է տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին, Գարեգին Բաղրամյանը արձագանքեց. «Ընդհանուր ընկերությունում սկսվել են օպտիմալացման գործընթացներ և դրա շրջանակներում կարող է նաև որոշակի տեսուչների քանակ կրճատվի»։
Նա նկատեց, որ հնարավոր է օպտիմալացումը վերաբերի նաև վերին օղակի պաշտոնյաներին. «Դա ընդհանուր օպտիմալացում է, և ընկերությունն ինքն է որոշում՝ ինչ ուղղությամբ դա իրականացնել։ Իսկ ինչ վերաբերում է հարցերին, թե եթե կարելի էր կրճատել, ապա ինչո՞ւ չէին կրճատում մինչ այժմ, ապա ասեմ, որ օրենսդրական որոշակի խնդիրներ կային մինչ այժմ՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված գործում էին միջպետական համաձայնագրեր, որոնք ունեին սահմանափակումներ և դրանից ելնելով էլ Հանրայն ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եթե ունենար մեծ ցանկություն, չէր կարող որևիցե փոփոխություն իրականացնել։ Համաձայնագրերը սահմանաակումներ ունեին, վավերացվել էին Ազգային ժողովի կողմից և ունեին օրենքի ուժ»։
Բաղրամյանը նաև տեղեկացրեց, որ հայ-ռուսական միջկառավարական նիստում վերջերս ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մինչև հուլիսի 1-ը կներկայացվի համաձայնագրի նախագիծ, որում կներկայացվեն սահմանին գազի գնի ձևավորման մեխանիզմները։
«Դրանք, կարծում եմ, որոշակի հստակություն կմտցնեն հարցի համար և որոշակի կայունություն կլինի գազի գինը սահմանելու առումով։ Այդ համաձայնագիրը կլինի հնգամյա։ Այսինքն՝ դա կենթադրի կանխատեսելիություն. մենք կիմանանք՝ ինչքան է լինելու գազի առավելագույն գինը սահմանին։ Դա կլինի այնքանով օգտակար ու նպաստավոր, որ մենք որոշակի ժամանակահատվածի համար կունենանք որոշակի կանխատեսելիություն», - ասաց Բաղրամյանը։