18/04/2019 15:52
Մնացականյան-Մամեդյարով ապագա հանդիպումը կարող է անցնել համանախագահ երկրներից մեկում. ԱԳՆ-ն հորդորում է չշտապել
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը դիտարկվում է, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։ Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից», - նշեց նա:
Ա.Նաղդալյանի խոսքով՝ համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ:
«Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը», - ասաց Ա.Նաղդալյանը:
Ավելի վաղ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը:
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի կրկնակի, եռակի ավելացումով կարելի է հուսալ, որ առաջընթաց կգրանցվի հակամարտտության կարգավորման գործում... Երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել՝ այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը ևս ջանքեր կգործադրի հակամարտության լուծման հարցում առաջընթացի հասնելու համար», - ասել է Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցում: