18/04/2019 13:37
«Ռոսատոմը» դեմ չէ ՀԱԷԿ-ին տրամադրված վարկի սպասարկման ժամկետը երկարաձգելու Հայաստանի առաջարկին
«Ռոսատոմ» կորպորացիան կողմ է ՀԱԷԿ-ի վերանորոգման համար տրամադրված վարկի սպասարկման ժամկետները երկարաձգելու հայկական կողմի առաջարկին, Սոչիում «Atomexpo-2019» միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն իրականացնող «Ռուսատոմ Սերվիս» ընկերության տնօրեն Եվգենի Սալկովը:
«Մենք հասկանում ենք, որ պետք է ավարտին հասցնել այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ ենք սկսել», - ասաց նա։
Ինչպես Սոչիից փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը, Սալկովն ընդգծեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը արդեն դիմել է ՌԴ ֆիննախին այս հարցով։
«Այս պահի դրությամբ տրամադրված ոչ բոլոր միջոցներն են յուրացված։ Անկեղծ ասաց, դրված չէ նման խնդիր՝ յուրացնել տրամադրված բոլոր միջոցները։ Կա հստակ նպատակ՝ իրականացնել աշխատանքների այն ծավալները, որոնք թույլ կտան բլոկն անվտանգ և արդյունավետ շահագործել մինչև 2026 թվականը», - ասաց Սալկովը։
Նա նշեց, որ այս պահին կողմերի միջև երկխողություն է ընթանում։ Սալկովի խոսքով՝ վարկի սպասարկման երկարաձգման անհրաժեշտությունը ծագել է, քանի որ աշխատանքների արդյունքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնց լուծման համար ժամանակ է պետք։
«Չէի ցանկանա այստեղ օգտագործել «խնդիրներ են ծագել» արտահայտությունը, ուղղակի նոր առաջադրանքներ են ի հայտ եկել, որոնց մանրամասն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մենք դրանց կյանքի կոչման համար 2019 թվականի շրջանակներում չենք տեղավորվում»։
Հարցին՝ արդյոք տրամադրված 300 մլն դոլարը բավարար է բլոկի արդյունավետ և անվտանգ շահագործման ուղղված անհրաժեշտ նախապայմաններ ստեղծելու համար՝ Սալկովն ընդգծեց․
«Այն խնդիրների լուծման համար, որոնք գտնվում են ՌԴ իրավասության տակ՝ այդ միջոցները բավարար են, այլ հարց է, որ կան խնդիրներ, որոնք պետք է հայկական ատոմակայանն ինքը իրականացնի։ Գիտեմ նաև, որ կան նախագծեր, որոնց իրականացման համար ԵՄ-ն և այլ գործընկերներ են օգնություն ցուցաբերում, դրա համար, այս հարցին պատասխանելով, միայն կարող եմ ասել, որ «Ռոսատոմի» պատասխանատվության տակ գտնվող նախագծերի իրականացման համար այս միջոցները բավարար կլինեն, իսկ մնացած խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների համար ատոմակայանն ինքը կֆինանսնավորի», - ասաց նա։
Հիշեցնենք, որ հայկական կողմը դիմել էր ՌԴ-ին վարկի սպասարկման ժամկետը մինչև 2021 թվականը երկարաձգելու համար։ Հայաստանի ատոմակայանի արդիականացման աշխատանքների համար ՌԴ կառավարությունը հատկացրել է 300 միլիոն դոլար, որից 270-ը վարկային միջոցներ են, 30 միլիոնը՝ օգնություն դրամաշնորհ:
Ավելի վաղ, ՀԱԷԿ տնօրեն Մովսես Վարդանյանը նշել էր, որ այս պահի դրությամբ 300 մլն դոլարից 184 մլն դոլարի պայմանագրեր են կնքվել, իսկ մնացած միջոցները դեռ չեն ծախսվել ու դրանք հնարավոր չէ մինչև տարվա վերջ ծախսել։