18/04/2019 10:57
Հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողին վիրահատում են. Արծրուն Հովհաննիսյան
Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան և հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը պայմանագրային զինծառայող, Կոտայքի մարզի բնակիչ Նարեկ Ս.-ն է: Վերջինիս զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։
Ինչպես Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում միայն ասաց, որ պայմանագրային զինծառայողին այս պահին վիրահատում են։ Վերջինս հրազենային վիրավորում ստացել է այսօր։