18/04/2019 15:30
Վաշինգտոնը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ոչ թե հակակշռում, այլ փոխլրացնում է ռուսական կողմի ջանքերը. քաղաքագետ
Արցախյան հիմնահարցի կարգավորման համատեքստում Միացյալ Նահագները ոչ թե փորձում է հակակշռել, այլ՝ փոխլրացնել ռուսական կողմի ջանքերը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում:
Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններն են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան։
«Մենք պետք է մշտապես հաշվի առնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այն բացառիկ ձևաչափն է, որտեղ արտաքին քաղաքական հակառակորդներ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարողանում են բավականին արդյունավետ աշխատել։ Այստեղ, կարծես թե, համանախագահող երկրների ներկայացուցիչների միջև հակասություններ և խնդիրներ չկան։ Հարցի կարգավորումը նրանք միատեսակ են ընկալում, ինչն, իհարկե, չափազանց օգնում է բանակցային գործընթացին։ Այնպես որ, երկու երկրների միջև այստեղ հակասություններ փնտրել պետք չէ», - ասաց Սուրեն Սարգսյանը։
Քաղաքագետը կարևորեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում մշտապես առկա է տեղեկատվության փոխանակում, դիրքորոշումների ճշգրտում, համատեղ աշխատանքների կոորդինացում։
Նշենք, որ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է՝ երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր ջանքերը կներդնի հիմնախնդրի լուծման հարցում առաջընթաց գրանցելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին երկու երկրների արտգործնախարարները հանդիպել էին Մոսկվայում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Ռուսական արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր էլ հաստատել է, որ Մոսկվայում ապրիլի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարների հանդիպմանը քննարկվել են ռուսաստանյան կողմի 2016 թվականի առաջարկությունները՝ հավելելով, որ առաջարկությունների մանրամասները գաղտնի են: