18/04/2019 10:48
Զգուշացում բոլոր նախարարներին. Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցին կողմ էր միայն խորհրդարանական ընդդիմությունը
Այսօր խորհրդարանը չհաստատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկա անելու մասին։ Կողմ էր միայն խորհրդարանական ընդդիմությունը. 67 դեմ, 41 կողմ, 1 ձեռնպահ։
«Հարգելի գործընկերներ, կարծում եմ՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այստեղ պետք է նստած լիներ, որովհետև հարցը չի ավարտվել, հարցը իրեն էր վերաբերում և նրա չգալը նույնպես վերաբերմունք է խորհրդարանին։ Եվ ամբողջ պահվածքը, և հարցապնդման պատասխանը, այն, ինչ տեղի ունեցավ երեկ, մենք պնդում ենք մեր որոշումը։ Սա զգուշացում է բոլոր նախարներին, որ խորհրդարանական կառավարման ձգտող երկրում նման պահվածքը խորհրդարանի հանդեպ անընդունելի է», - ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նախագծին կողմ էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։
«Քննարկումը երեկ ցույց տվեց, որ առաջադրված հարցերի պատասխանները չենք ստացել, նախարարը պարզ, հասկանալի լեզվով պետք է ներկայացներ խնդրի էությունը, և մենք կողմ ենք այս նախագծին», - հայտարարեց Միքայել Մելքումյանը։
Նախագծին դեմ էր միայն իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը։ «Նման որոշում կայացնելու համար մեկ հանդիպումը բավարար չէր, որ կողմ քվեարկվեր այս հարցապնդման առաջարկին, այդ պատճառով «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին», - քվեարկությունից առաջ դիրքորոշումը ներկայացրեց Լիլիթ Մակունցը։
Նկատենք, որ սա առաջին դեպքն էր, երբ խորհրդարանական ընդդիմությունը բարձրացնում էր կառավարության անդամի պաշտոնանկության հարցը։
Խնդիրն առաջացել էր Լուսավոր Հայաստանի՝ կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանի բովանդակությունից։ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ խորհրդարանում հայտարարել էր, որ ֆինանսների նախարարի՝ իրենց հարցապնդման պատասխանը վիրավորական էր, քանի որ բոլոր հարցերին տրվել էին նույնաբովանդակ պատասխաններ: