19/04/2019 15:46
Դուք հիմա հավակնում եք մի պաշտոնի, որի համար կոմպետենտ չեք. Անի Սամսոնյանը՝ Գեղամ Գևորգյանին (Տեսանյութ)
Տպավորիչ եք խոսում, ուզում ենք ձեզ տեսնել այդ պաշտոնում, բայց մոռանում եք, որ մինչ այստեղ հասնելը ունեցել եք որոշակի ճանապարհ, որը մարդիկ ուսումնասիրում են՝ հասկանալու համապատասխան եք այս պաշտոնին, թե ոչ, ԱԺ-ում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ հարց ուղղելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանին:
«2016-2018 թթ-ին Դուք եղել եք գյուղատնտեսական ծրագրերի իրականացման տնօրենը, պաշտոնակատարը, հետո հիմնադրամի տնօրենը և այս ժամանակահատվածում վերահսկիչ պալատը ներկայացրել է հաշվետվություն, որտեղ հստակ ասվում է, որ ԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ, չի ապահովվել 2017 թ-ի համար նախատեսված ծրագրերի ապահովման գործընացը: Խոսում եք մրցակցության բարելավման մասին, անբարեխիղճ մրցակցության վերացման մասին, բայց մոռանում եք, որ գործել եք այդ պաշտոնում և այն, ինչ դուք մեզ հիմա ասում եք, դուք չեք արել», - ասաց Սամսոնյանը:
Նա նաև նշեց, որ Վերահսկիչ պալատը մատնանշում է, որ մրցույթների մասնակցության ցածր մակարդակ է նկատվում, ինչի վկայությունն է նաև այն, որ կազմակերպած մրցույթներին մասնակցել են միևնույն կամ իրար հետ փոխկապակցված ընկերությունները։
«Կարդացել եմ հաշվետվության ամբողջական այն մասը, որը Ձեզ է վերաբերում ու մատնանշվող խնդիրները խոսում են այն մասին, որ դուք հեռու եք եղել տնտեսական մրցակցության բարեխղճությունն ապահովելուց և ըստ այդմ՝ Դուք հիմա հավակնում եք մի պաշտոնի, որի համար կոմպետենտ չեք», - ասաց Սամսոնյանը:
Ի պատասխան Գևորգյանը խնդրեց հստակեցնել այն ժամանակահատվածը, երբ փոխկապակցված անձինք մասնակցել են մրցույթին՝ նշելով, որ դա իր պաշտոնավարման ընթացքում չի եղել:
«Եթե նայեք վերջին տասը տարվա ընթացում նույն ծրագրի շրջանակում մրցույթում ներգրավված մարդկանց քանակը, կտեսնեք, թե իմ պաշտոնավորումից հետո այդ մրցույթներին քանի տնտեսվարող սուբյեկտ է ավելացել», - ասաց նա: