19/04/2019 13:43
«Ապագա չունեցող օրենք է». ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին ցեմենտի ներմուծմանը պետական տուրք կիրառելու առաջարկին
ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քվեարկությունից առաջ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագիծը քվեարկության կդրվի Տնտեսական հաձնաժողովում առաջարկված տարբերակով՝ մեկ տարի ժամկետով և առանց կլինկերը հարկելու:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով ելույթում ասաց, որ օրենքները բազմակողմանի պիտի քննարկվեն և հետո քվեարկվեն:
«Պետք է չասեն, որ քանի որ օրենքը թերի է, եկեք քվեարկենք, հետո մտածենք, թե ինչ ենք անում: Մենք հարգում ենք խորհրդարանի օրենսդիր գործունեությունը և կարծում ենք, որ պետք է քվեարկենք այն օրենքները, որոնք քննարկվում են ամբողջապես, որտեղ սողանցքներ և թեմաներ չկան, որոնք առանձին պիտի հետո քննարկվեն, չկան, դրա համար ԲՀԿ-ն քվեարկելու է դեմ», - ասաց Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ օրենքի բովանդակությունը ցույց է տալիս, որ այն ապագա չունեցող օրենք է:
Օրենքն առաջին ընթեցմամբ ընդունվեց 78 կողմ և 42 դեմ ձայներով: Դեմ քվեարկեցին ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն: