19/04/2019 13:27
Արցախում անցկացվելիք CONIFA «Euro cup 2019» ֆուտբոլային առաջնությունը լավ հնարավորություն է աշխարհին ցույց տալու իրական Արցախը. Նարինե Աղաբալյան
Այս տարվա հունիսի 1-ից 9-ը Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի՝ CONIFA -ի 2019թ.-ի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Արցախում։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը մանրամասներ ներկայացրեց սպասվող իրադարձությունից՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է Արցախն աշխարհին ներկայացնելու համար։
«Արցախի ֆուտբոլի հավաքականը 2013թ.-ից անդամակցում է CONIFA-ին ու հենց այդ ժամանակներից էլ հավակնել ենք դառնալ այդ խաղերի կազմակերպիչ: Արցախի Հանրապետությունը, հանդիսանալով ազգային ու համամարդկային արժեքների կրող, կարևորելով ու ողջունելով ֆուտբոլի միջոցով բոլորին միավորելու և տարբեր ազգությունների, ժողովուրդների միջև կամուրջներ ձգելու CONIFA-ի նախաձեռնությունը՝ պատրաստակամություն է հայտնել ընդունել խաղերը», - ասաց Նարինե Աղաբալյանը։
Նրա խոսքով՝ այս տարվա առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թիմ, որոնք ընդգրկվել են 4 ենթախմբերում ու արդեն մայիսի վերջին օրերին կժամանեն Արցախ։
«Խաղերը կանցկացվեն Արցախի 4 մարզադաշտերում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում ու Մարտունիում։ Սա նույնպես մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ամեն ինչ չկենտրոնացնենք մայրաքաղաքում և ֆուտբոլ խաղալու ու ֆուտբոլ վայելելու ուրախությունը նաև պարգևենք մեր շրջաններում ապրող քաղաքացիներին», - ասաց Նարինե Աղաբալյանն՝ ավելացնելով.
«Ցավալիորեն վերջին տասնամյակների ընթացքում Արցախը միշտ ներկայանում է քաղաքական շղարշի տակ, ինչը թույլ չի տալիս ճանաչել իրական Արցախն՝ իր բաց ժողովրդով ու հարուստ պատմությամբ»։