19/04/2019 17:29
Կրակոցներ Երևանում, հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել հայտնի «Դռռիկ Ալիկը»
SHAМSHYАN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հրազենային վնասվածքներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով և այս պահին գտնվում է վիրահատարանում։ Տեղի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հրազենային վնասվածքներ է ստացել ազդրերի վերին երրորդական հատվածներում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանն է, ով ավելի շատ հայտնի է «Դռռիկ Ալիկ» մականվամբ։
Ոստիկանները ու քննիչները պարզում են, թե որ հատվածից է Ա. Ալեքսանյանը տեղափոխվել հիվանդանոց և որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Ավանի գերեզմանների մոտ: