19/04/2019 17:51
Նոտր Դամի նման հսկաների՝ անգամ հիմնահատակ կործանման դեպքում, դարերը դեռ կաղաղակեն նրանց մասին. Ֆրանսահայոց թեմի Փարիզի հոգևոր հովիվ Տ. Հուսիկ
Ապրիլի 15-ին՝ Մեծ պահքի Ավագ շաբաթվա առաջին օրը, հսկայական հրդեհ բռնկվեց Փարիզի Աստվածամոր տաճարում՝ պատմական այդ հուշակոթողին ահռելի վնաս պատճառելով: Դեռևս պատճառների մասին հստակ պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն շրջանառվող վարկածները համացանցում տարբեր են՝ շինարարական աշխատանքներ, կրոնական հողի վրա արված դիտավորություն և այլն: Հայերի որոշ հատվածի համար էլ հրդեհը «թուրքերի ձեռքի գործն է», քանի որ ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սբ. Պատարագ էր լինելու:
Aysor.am-ի հետ զրույցում Ֆրանսահայոց թեմի Փարիզի և շրջակայքի ծուխի հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը նկատեց՝ բարեբախտաբար՝ կրած վնասները անդառնալի չեն, ու ինքն էլ, որպես հոգևոր հովիվ, փորձում է ավելի լավատես լինել և նենգության կանխավարկածով չվարակվել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրդեհի բռնկման վայրում շինաշխատանքներ էին ընթանում, կարծում է՝ եղածը աշխատանքային սխալի արդյունք է։
Նկատառմանը, որ երկու օր առաջ էլ փորձել էին այրել Մանհեթենի Սուրբ Պատրիկի տաճարը, ու գուցե կա ընդհանրություն այս երկու դեպքերի մեջ, հոգևորականը պատասխանեց.
«Գիտեք, այսօր աշխարհն ամեն օր «ծուռ ոտից է արթնանում», ագրեսիայով ու ատելությամբ լեցուն տարատեսակ շարժումներն ու կեղծ գաղափարախոսություններն այնքան շատ են, որ արդեն դժվար է հասկանալը՝ ինչը ինչի հետ կարող է կապ չունենալ։ Անձնապես կգերադասեմ որակում չտալ այս հարցին»:
Տեր Հուսիկ քահանա Սարգսյանի խոսքերով՝ դեպի տաճար տանող ճանապարհները արգելափակված են և ոստիկանության խիստ հսկողության ներքո։ Մի քանի օր է՝ քննչական աշխատանքներ են ընթանում թե՛ պատճառը պարզելու, թե՛ վնասը վերականգնելու ու ճարտարապետական լուծումներ տալու ուղղությամբ:
Համաշխարհային ճանաչում ունեցող 9 դարյա Նոտր Դամը, որի ամբողջական կառուցման վրա երկու հարյուրամյակ է ծախսվել, հրդեհի պատճառած վնասներից կվերականգնվի 5 տարվա ընթացքում: Դա խոստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Մեծ գումարներ ու մանրակրկիտ աշխատանք է պետք: Հոգևորականից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս դեպքում կորուստը հոգևոր, թե մշակութային է, ու տարիներ անց վերականգնվելուց հետո կկարողանա՞ Փարիզի Աստվածամոր տաճարը հոգևոր և մշակութային առումով նախկին հետաքրքրությունն առաջացնել մարդկանց մոտ, թե՞ դարերի կենսագրությունը կջնջվի, ու կդառնա հերթական նոր հոգևոր շինություն:
«Ցանկացած եկեղեցի, որում աղոթք է հնչում և Աստծո Խոսքը քարոզվում, նախ և առաջ հոգևոր արժեք է, անուհետև՝ ճարտարապետական կամ մշակութային։ Փարիզի Աստվածամոր տաճարի նման հսկաների՝ անգամ հիմնահատակ կործանման դեպքում (Աստված մի արասցե) դարերը դեռ կաղաղակեն նրանց մասին: Հիշենք առնվազն Արտեմիսի տաճարի և տխրահահռչակ Հերոստրատի պատմությունը։ Հետևաբար, հավատացեք, հրդեհից ու վերականգնումից հետո «հարություն առած» տաճարն ավելի մեծ հետաքրքրություն պիտի առաջ բերի։ Իսկ հոգևոր տեսանկյունից՝ գուցե ավելի հուժկու ընթացք ստանա նրա աղոթական առաքելությունը», - վստահեցրեց քահանան:
Հոգևորականն ընդգծեց՝ այն, որ Նոթեր Դամի տաճարը համաշխարհային ժառանգության մաս է կազմում, հաստատվեց նաև միջազգային արձագանքի շնորհիվ՝ ապացուցելով, որ այն համաշխարհային ժառանգություն է ոչ միայն փաստաթղթերի մեջ, այլ նաև՝ աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում ապրող մարդկանց սրտերում։
«Այս առումով արձագանքը լիարժեք էր», - հավելեց նա՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի արձագանքն այս դեպքին:
«Ինչպես գիտեք, առաջին իսկ օրից վերականգմանը միտված հաշվեհամար է բացվել, տեղի կառավարությունը դյուրացրել է այս ուղղությամբ կատարված բարեգործությունների ընթացակարգը (նվիրատվության 75%-ը կվերադառնա նվիրատուին՝ կառավարական հարկերի զեղչման տեսքով): Արդեն բավական խոշոր գումար է հավաքվել, որի մեջ իրենց լուման, վստահաբար, ունեն հազարավոր հայեր: Ֆրանսահայոց թեմի Առաջնորդ Գերշնորհ Տ. Վահան Եպիսկոպոս Հովհաննեսյանի կոչով դրամահավաքի են լծվել նաև թեմի 20-ից ավել ծուխերը, այնպես որ շատ շուտով բոլորի միահամուռ ուժերով, նվիրումով ու աղոթքով հայերս նորից հնարավորություն կունենանք Ցեղասպանության տարելիցի Սուրբ Պատարագին համախմբվելու Աստվածածնի հովանու տակ»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ֆրանսահայոց թեմի Փարիզի և շրջակայքի ծուխի հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը: