19/04/2019 13:01
Մարուքյանը ցեմենտի հարցի շուրջ շահերի բախում է նկատել խորհրդարանում և խոստանում է անուններ հրապարակել
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է կառավարության ներկայացրած Պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագծին, որը վերաբերում է ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանելուն։
Խմբակցության դիրքորշումը հայտնելիս Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այսօր օրինագծի քննարկման մեջ կա երեք կողմ՝ կառավարություն-«Բարգավաճ Հայաստան»-«Իմ քայլը»։
««Լուսավոր Հայաստանն» էլ էս կողմերի մեջ ուզում է հասկանալ՝ ինչ են անում։ Ինձ Վանաձորից զանգել էր մի քաղաքացի ու ասում էր՝ խորհրդարանում ուզում եք ցեմենտի գինը բարձրացնեք, իսկ դա շղթայական էֆեկտով թանկացնելու է երկրում շինարարությունը։ Մյուս կողմից կա մրցակցության խնդիր, կան փոքր արտադրողներ, որոնք ասում են՝ եթե կլինկերի վրա դրվի հարկ, իրենք դուրս կմնան մրցակցությունից։ Այս երեք կողմերի մեջ պետք է հասկանալ՝ ինչ անել։ Քաղաքական լուրջ հարցեր կան, մենք գտնում ենք, որ օրենքը պետք է հետ կանչել ու լսումներով փորձագետներով աշխատել, հասկանալ՝ ինչպես ենք հարցը լուծում։ Բայց նաև ուզում ենք ասել հետևյալը՝ խորհրդարանի այս դահլիճում հստակ տեսնում ենք քաղաքակն ուժերի մեջ շահերի բախում, այստեղ պրոբլեմ կա։ Կուսումնասիրենք ու կհրապարակենք անուններով», - հայտարարեց Մարուքյանը։
ԼՀ խմբակցության ղեկավարը վկայակոչեց Հայաստանի օրենսդրությունը և ասաց, որ օրենքը պահանջում է պատգամավորին հանդես գալ այդ մասին հայտարարությամբ։
«Մեզ համար առաջնայինը քաղաքացու շահն է, մենք կարծում ենք, որ ցեմենտը կթանկանա։ Բայց մեզ նաև հետաքրքրում է քաղաքական հարցը. սիրելի գործընկերներ, հանդես եկեք շահերի բախման մասին հայտարարությամբ, որովհետև մենք ուսումնասիրություն ենք իրականացնում ու այդ հայտարարությունը կանենք մենք», - նշեց Մարուքյանը։