19/04/2019 16:39
ԱԱԾ-ն կառավարողն այս Սահմանադրությամբ վարչապետն է, ԱԱԾ պետին մեղադրելով՝ պահանջները սխալ տեղ են ուղղվում. Մարուքյանը՝ Սանասարյանի գործի մասին (Տեսանյութ)
Դավիթ Սանասարյանին գիտեմ որպես բարեվարքության բոլոր պայմանները պահպանող մարդ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ճանաչում եմ պարոն Սանասարյանին, ընկերություն չենք արել, բայց գիտեմ այդ մարդուն, որպես բարեվարքության բոլոր պայմանները պահպանող մարդ։ Սա մեզ համար նույնպես անակնկալ է», - ասաց Մարուքյանն՝ անդրադառնալով Պետական վերահսկողածան ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելուն։
«Ինձ համար զարմանալին այն է, որ բոլորը քննադատում էին ԱԱԾ պետին, Facebook-ում, այսպես ասած, քարոզարշավ կար այդպիսի։ Զարմանալի էր, որովհետև ԱԱԾ-ի ղեկավարը Հայաստանում այս Սահմանադրությամբ, որը մենք չենք փոխում, այն կառավարողը վարչապետն է։ Այսինքն՝ այդտեղ երկերեսանիության հարց կա, որ սխալ տեղ են ուղղում պահանջները», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Դիտարկմանն՝ այսինքն՝ առանց վարչապետի գիտության ԱԱԾ-ն չէ՞ր կարող ոչինչ անել, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն արձագանքեց.
«Երեկ դրա պատասխանը տվել է վարչապետի խոսնակն՝ ասելով, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է»։
Նա նշեց՝ չի կարծում, որ Դավիթ Սանասարայանի դեպքում քաղաքական հետապնդում է իրականացվում.
«Եթե հանկարծ քաղաքական հետապնդում լինի՝ մենք բոլոր ձևերով կբարձրաձայնենք այդ մասին», - ասաց Էդմոն Մարուքյանը։