19/04/2019 12:41
Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մանրամասներ է հայտնել (Տեսանյութ)
Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եկել է խորհրդարան, որպեսզի «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունենա։ Մինչ այդ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մի փոքր դրվագ, ասելով, որ քննարկել են տնտեսական իրավիճակը, և վարչապետն ասել է, որ քննարկումների ընթացքում թող ընդունվի ճիշտ որոշում։
«Ես ասում եմ՝ երկրի վարչապետը ցանկացած հարցով, կապ չունի կուսակցական պատկանելություն, ով լավ առաջարկ անի, որ երկիրը զարգանա, նա կողմնակից է։ Չկա իմուքոնը, չկա մարդկանց նեղացնել։ Մենք հարցը տալիս ենք, թող բարի լինեն հարցի պատասխանն իրենք տան։ Էսօր ժողովուրդը մեր բոլորից, նոր իշխանություններից սպասելիք ունի, բայց էս մթնոլորտում, երբ մեկը մեկին վիրավորում են... խի՞ եք վիրավորում, ձեր ցավը տանեմ, մենք որևէ մեկին թույլ չենք տվել, որ վիրավորեն։ Միտքը, գաղափարը, հարցը, լուծումը ասեք, մենք ասենք...», - այսօր ճեպազրույցում հայտարարեց Ծառուկյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկություններ էր ներկայացրել կառավարության ներկայացրած պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների մասին նախագծի վերաբերյալ։ Մասնավորապես իշխանական խմբակցության ներկայացուցիչները առաջարկել էին ցեմենտի հումքի (կլինկեր) համար պետական տուրք չսահմանել, իսկ ցեմենտի ներկրման համար կառավարության առաջարկած 22 հազար դրամ պետական տուրքի գործողության ժամանակաշրջան սահմանել 1 տարին։ Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ են կլինկեր համար տուրք չսահմանելուն։