19/04/2019 18:54
Երևանում Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված ջազ համերգ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում
Ապրիլի 17-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ամբիոնի նախաձեռնությամբ՝ ի դեմս ամբիոնի վարիչ Նարինե Զարիֆյանի, Ակուստիկ լաբորատորիայում տեղի ունեցավ համերգ` նվիրված Երևանում Ֆրանկոֆոնիայի օրերին:
Համերգի պատվավոր հյուրերն էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը, Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական դպրոցի տնօրեն Մարտեն Բեկերը, ինչպես նաև` դպրոցի Վարչական և ֆինանսական տնօրեն Լուսինե Թևոսյանն ու ֆրանսերեն լեզվի ուսուցիչ Անն Ժէն:
«Մեծ ոգևորությամբ կազմակերպեցինք այս համերգը, որն առաջին հնարավորությունը դարձավ ԵՊԿ-ի ջազ-էստրադային ամբիոնի ուսանողների համար՝ մասնակցելու Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի սեզոն» միջոցառումների շարքին: Նմանատիպ ելույթները կլինեն շարունակական՝ ամբիոնի մնացած բոլոր ուսանողներին Ֆրանկոֆոնիային նվիրված տոնակատարություններին ներգրավելու համար», - նշում է ջազ-էստրադային ամբիոնի վարիչ Նարինե Զարիֆյանը:
Շնորհակալություն հայտնելով հյուրերին համերգին ներկա գտնվելու համար` միջոցառման վարող, ջազ-էստրադային ամբիոնի չորրորդ կուրսի ուսանող Նարինա Մկրտչյանը խոսեց հայ-ֆրանսիական բարիացակամ հարաբերությունների և Հայաստանում ֆրանսիական մշակույթի և լեզվի արժևորման մասին:
Ողջույնի խոսքին հաջորդեցին ԵՊԿ-ի ջազ-էստրադային ամբիոնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների ֆրանսերեն լեզվով կատարումները: Հնչեցին աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնիե Էդիթ Պիաֆի «Non, je ne regrette rien» և բելգիացի երգչուհի Լառա Ֆաբիանի «Je t’aime» ստեղծագործությունները, ինչպես նաև ժամանակակից կատարողներ ԶԱԶ-ի «Les Passants» և «Je veux» ու Ինդիլայի «Dernière dance» երգերը:
Ֆրանսիական երաժշտությանը նվիրված որևէ միջոցառում չի կարող համարվել լիարժեք՝ առանց աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների: Այդ կապակցոթյամբ բակալավրիատի երկրորդ կուրսի ուսանող Արսեն Զաքարյանը, ով վերջերս արժանացավ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից կազմակերպված ֆրանսիական երգի ամենամյա մրցույթի «Շառլ Ազնավուրի երգի լավագույն կատարում» անվանակարգի երկրորդ մրցանակին, կատարեց նրա «La Mamma» և «Quand tu m’aimes» գործերը:
Համերգի ավարտն ազդարարող Շառոյան Բենդ (Sharoyan Band) հայկական մոտիվներով ջազային ստեղծագործությունների ու Դավիթ Պարոնիկյանի և ընկերների կատարումներից հետո կարճ ելույթ ունեցավ Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը: Շնորհավորելով ԵՊԿ-ին և ջազ-էստրադային ամբիոնի ուսանողներին ֆրանսերեն հրաշալի ելույթների առթիվ, նա հայտնեց, որ հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը, Հայաստանում տեղի է ունենալու համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին, որին կմասնակցի բարիտոն Ժեղեմի Դելվեղի ղեկավարած Ֆրանսիայի Հանրապետական պահակախմբի քառյակը:
Բորտոլանը նշեց նաև հունիսի 23-ին կայանալիք Երաժշտական փառատոնի (Fête de la Musique) մասին, որին կմասնակցեն ֆրանսահայ կիթառահար Դան Ղարիբյանն ու նրա եռյակը:
«Շատ լավ է, որ Կոնսերվատորիան նույնպես միանում է Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի սեզոն»-ին: Սիրով պատրաստ ենք համագործակցել Կոնսերվատորիայի հետ երաժշտական միջոցառումների կազմակերպման հարցում», - ասաց Բորտոլանը: