19/04/2019 13:31
Ռուբեն Հայրապետյանն աջակցել է Արցախին. կարծում եմ՝ նա կօգնի նաև այսուհետ. նախարար
ԿՈՆԻՖԱ-ի՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվում է Արցախում։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասաց, որ այս հարցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրենց շատ է աջակցում։
«ՀՖՖ-ն մեր ֆեդերացիայի հետ սերտ համագործակցում է ու իրենց մասնակցությունն ունեն առաջնության նախապատրաստման ու կազմակերպման գործընթացում», - ասաց նա։
Նախարարի խոսքով՝ Արցախին աջակցում է նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
«Ինքը մեծ ծրագրեր է իրականացրել Արցախում, մենք դեռևս Ռուբեն Հայրապետյանին չենք դիմել, բայց վստահ եմ, որ ցանկացած մեր խնդրանք, ինչպես եղել է նախկինում, հիմա էլ մեծ պատրաստակամությամբ կընդառաջի», - ասաց նա։
Նարինե Աղաբալյանը նշեց, որ ինքը 2018 թվականին դիմել Հայրապետյանին Արցախի դպրոցների համար մարզագույքի խնդրանքով, և նա մեծ պատրաստակամությամբ օժանդակել է։
«Այդ հարցը լուծվել է, կարծում եմ՝ նա կօգնի նաև այսուհետ», - նշեց Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարը։