22/04/2019 12:37
Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի վրա. ԱԺ նախագահը՝ Սանասարյանի գործի մասին (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ձեռնպահ է մնում Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը մեկնաբանելուց։
Հիշեցնենք, որ Սանասարյանի լիազորությունները Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում ժամանակավորապես դադարեցվել են:
«Ես ձեռնպահ եմ մնում այդ հարցին անդրադառնալուց», - ասաց Միրզոյանը։
Հարցին, թե արդյոք Սանասարյանի հետ կատարվածը չի ազդի հեղափոխության վարկանիշի վրա, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միմիայն կավելանա: Այսքանը: Խնդրում եմ, այս մասին այլևս հարցեր չտալ»:
Այդուհանդերձ, լրագրողները պնդեցին թե ի՞նչ է կարծում, հնարավո՞ր է՝ Սանասարյանը հայտնված լինի կոռուպցիոն շղթայի մեջ, Միրզոյանը ընդգծեց. «Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ դա որևէ կապ չունի։ Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր, խնամի, ծանոթ լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի ու որոշման վրա»։