23/04/2019 16:00
Հեղափոխությունը պետք է իջնի մարդկանց կենցաղ, բայց գործընթացն ուշանում է. քաղաքագետ
Հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը ռեժիմի տապալումն է։ Մեծագույն նվաճում է, որ ռեժիմն, իր մերձավոր շրջապատով, հեռացել է իշխանությունից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ նկատելով, որ հենց իշխանափոխությունը նախադրյալներ ստեղծեց երկրի ապաքրեականացման և ժողովրդավարական պետություն ստեղծելու հեռանկարի առջև։
«Թե որքանով հաջողություն կունենա քաղաքական նոր ղեկավարությունը, կախված է հենց իրենից, ինչպես նաև ժողովրդի պահանջատիրական մղումներից։ Իհարկե, փոփոխությունների հնարավորություն է տրվել, բայց թե ինչպես այն կօգտագործվի, մեծապես կախված է նաև մեզնից»,- ասաց քաղաքագետը։
Լևոն Շիրինյանի խոսքով, հեղափոխությունն ի ցույց դրեց, որ նախկին իշխանությունները կողոպտել են երկիրը, հանդես եկել որպես հակապետական ուժ։
«Այժմ ունենք քաղաքական հեղափոխություն, որը ճանապարհ է բացել վերափոխումների համար։ Այդ վերափոխումներն առաջին հերթին պետք է իջեցվեն քաղաքական, իրավական համակարգերի և տնտեսության մեջ, ինչն առայժմ չենք տեսնում։ Դրա համար ջանքեր են անհրաժեշտ»,- ասաց մեր զրուցակիցը։
Լևոն Շիրինյանը միաժամանակ պարադոքս որակեց այն հանգամանքը, որ թեև հեղափոխությունը տեղի ունեցավ «Մերժիր Սերժին» կարգախոսով, սակայն արդյունքում անազատության մեջ հայտնվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մի ամբողջ ժողովուրդ գոռում էր «Մերժիր Սերժին», բայց պարզվեց՝ հանցագործը Ռոբերտ Քոչարյանն է։ Այսինքն՝ վերաբերմունքը համարժեք չէ։ Գոնե ռեժիմի պարագլուխը պետք է քաղաքական գնահատական ստանար»,- ընդգծեց քաղաքագետը։
Նոր իշխանության կառավարչական հմտությունները մեր զրուցակիցը «միջին» որակեց։
Նա միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդպես էլ նոր Ընտրական օրենսգիրք չունենալու պարագայում չունեցանք նաև այն Հայաստանը, որը կուզեինք ունենալ։
«Հեղափոխությունը հո մենակ իրենք չե՞ն արել, այլ ուժեր էլ են եղել, որոնք, սակայն, խորհրդարանում չհայտնվեցին։ Ամեն դեպքում, հասել ենք մի կետի, որ հեղափոխությունը պետք է ներքև իջնի, իջնի մարդկանց կենցաղ, տներ։ Այս գործընթացը նույնիսկ ուշացած է։ Կառավարության գործելաոճում չեմ տեսնում շտապողականություն և արմատականություն, որով հեղափոխությունը կատարում էր։ Մինչդեռ ժամանակ չկա»,- ամփոփեց մեր զրուցակիցը։