23/04/2019 20:14
Միհրան Պողոսյանը կկալանավորվի. ՌԴ դատարանն է որոշել
ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր Ռուսաստանի դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:
Այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարերել ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պոսոսյանին կալանավորելու մասին։
Հիշեցնենք՝ Միհրան Պողոսյանը 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել էր որպես մեղադրյալ այն բանի համար, որ օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, քանի որ նախկին պաշտոնյան Հայաստանում չէ։ Օրերս իրավապահները նրան հայտնաբերել էին Պյատիգորսկում ու ձերբակալել։ ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ նախկին պաշտոնյայի արտահանձնումը ընթացքի մեջ է։