23/04/2019 16:19
Ես ինքս դեմ կլինեմ, եթե վարչապետը երբևիցե ցանկանա միայնակ որոշել Արցախի հարցը. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը համաձայն է վարչապետի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծի հայ ժողովուրդը։
«Իրոք, չկա մեկ մարդ, երկու մարդ, չկա 100 մարդ, որոնք կարող են նստել և որոշել, թե ինչպես պետք է դասավորվի ժողովուրդների ճակատագիրը։ Դա տրամաբանական չէ։ Ի վերջո, հակամարտությունը պետք է որոշվի ժողովուրդների կողմից, այսինքն՝ Արցախում, Հայաստանում, Ադրբեջանում ժողովուրդների մեջ պետք է կոնսենսուս լինի հակամարտության լուծման հարցի շուրջ», - խորհրդարանում պատասխանելով Aysor.am-ի հարցին ասաց Ռուբինյանը։
Ժողովուրդների կողմից հարցի լուծման համար, ըստ իշխանական պատգամավորի, կան բազմաթիվ մեխանիզմներ, որոնցից մեկը կարող է լինել հանրաքվեն։
«Միանշանակ է, որ հարցի շուրջ պետք է տեղի ունենա հանրային դիսկուրս, որովհետև Արցախի հարցի վերաբերյալ դիսկուրսը գնացել է մի հարցի շուրջ՝ Արցախը ծախո՞ւմ են, թե՞ չեն ծախում։ Այս սահմանափակ դիսկուրսն է եղել, մինչդեռ հակամարտությունը համապարփակ է ու ավելի խորը գաղափարներ ու մտքեր կան», - ավելացրեց պատգամավորը՝ մեկնաբանելով ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Նա շտապեց ընդգծել, որ լուծուման նման ձևն առաջարկելը ամենևին էլ չի նշանակում, թե վարչապետը խուսափում է պատասխանատվությունից։
«Վարչապետը շատ տրամաբանական բան է ասում։ Ասում է՝ ես ինքս չունեմ իրավասություն որոշել մի ամբողջ ժողովրդի ճակատագիր։ Իհարկե, ինքը ունի պատասխանատվություն առաջարկել դիրքորոշումներ, բայց վերջնական որոշումը պետք է լինի ժողովրդինը»,- ավելացրեց Ռուբեն Ռուբինյանը։
Ինչ վերաբերում է այս պահին ղարաբաղյան հարցի լուծման շուրջ ընթացող բանակցությունների բովանդակությանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ այժմ որևէ սցենարի շուրջ բանակցություն չի ընթանում։ Այս պահին, ըստ իշխանական խմբակցության ներկայացուցչի, խոսվում է խաղաղության մթնոլորտի ստեղծման, ամրապնդման, ինչպես նաև Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին։
«Ինչ-որ պահ գալու է, որ մենք, որպես հասարակություն, սկսելու ենք ինքներս մեզ հետ խոսել, հասկանանք՝ ինչ ենք ուզում։ Եթե բովանդակության փուլին հարցը հասնի, ապա արդեն ժողովրդի հետ են լինելու քննարկումները։ Ինչպե՞ս էիք պատկերացնում՝ վարչապետը միայնակ նստի Արցախի հարցը որոշի՞։ Ես ինքս դեմ կլինեմ, եթե վարչապետը երբևիցե ցանկանա միայնակ որոշել Արցախի հարցը, կամ, եթե մեր թիմը միայնակ որոշի՝ ինչպես լինի, կամ ԱԺ բոլոր խմբակցությունները որոշեն։ Սա համաժողովրդական դիսկուրս պետք է լինի», - ասաց պատգամավորը։