23/04/2019 18:56
Վերջին մեկ տարին փոփոխությունների տարի էր. Թևան Պողոսյան
Վերջին մեկ տարին փոփոխությունների տարի էր, շատ բաներ փորձեցինք փոխել։ Կան բաներ, որ հաջողվել են, կան բաներ, որոնք առայժմ չեն հաջողվել, բայց ամեն ինչ չէ, որ մեկ օրվա ընթացքում ստացվում է փոխել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն՝ ամփոփելով հեղափոխության մեկ տարին։
«Գլխավորն այն է, որ չթուլանանք, աշխատենք։ Ես ուրախ եմ, որ Հայաստանը վերադարձել է իր բնականոն զարգացման ընթացքին։ Հուսամ, որ նախընտրական ծրագիրն ու խոստումները, հանուն որոնց ժողովուրդն իշխող կուսակցությանը քվե է տվել, կյանքի կկոչվեն։ Հուսամ, որ զարկ կտան նոր մշակույթի զարգացմանը, կփորձեն չկրկնել մերժելի երևույթները։ Բոլոր այս փոփոխություններից ելնելով՝ միակ բանը, որն իմ պատկերացմամբ պետք է փայփայել, սերն ու հանդուրժողականությունն են։ Չմոռանանք, որ բոլոր փոփոխությունների հիմքում մենք ուզել ենք հենց այս երկու գործոնը տեսնել»,- ասաց Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով, հետհեղափոխական շրջանը յուրօրինակ ճանապարհ է, որը պետք է համբերատար անցնել։ Այդ ճանապարհին կարող են սխալներ լինել, բայց դրանցից չպետք է վախենալ, վախենալ պետք է միայն այն ժամանակ, եթե եղած սխալները չուղղվեն։
«Ես կարծում եմ, որ փոփոխությունները դրական են, բայց պետք է հասկանալ, որ դրական փոփոխությունները պետք է ամրագրվեն։ Կարող է մեկ տարին էլ դրա համար քիչ լինի, երկու տարին էլ։ Գլխավոր նպատակն այն է, որ միասնությունը, սերն ու հադուրժողականությունը փայփայենք, դրանց մասին ամեն օր խոսենք։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի բոլոր հայերը ներգրավված լինեն երկրի զարգացման գործընթացներում և բարեոխումներում»,- ամփոփեց Թևան Պողոսյանը։