23/04/2019 14:32
«Շառլ Ազնավուրին նվիրված համերգը հրաշալի է անցնելու». Ֆրանսիացի երգիչ Սլիման (Տեսանյութ)
Ֆրանսիացի հայտնի երգիչ 30-ամյա Սլիմանը վստահ է՝ Հայաստանում Շառլ Ազնավուրին նվիրված համերգը հրաշալի է անցնելու:
Հայազգի լեգենդ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ երեկո կանցկացվի, որին ներկա կլինի նաև The Voice-ի հաղթողը:
Մինչ Հայաստան ժամանելը Սլիմանը հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է.
«Բարև, Հայաստա՛ն, ես Սլիմանն են: Հույս ունեմ, որ լավ եք: Կհանդիպենք մի բացառիկ համերգի ժամանակ՝ մայիսի 26-ին, Երևանում: Շնորհակալ եմ նախապես, որ գալու եք մեզ տեսնելու: Իսկապես, հիանալի ժամանակ ենք անցկացնելու, վստահ եմ: Փորձեմ ձեզ հայերեն ասել՝ «համբուրում եմ», կարծում եմ, որ այսպես են ասում՝ «պաչիկներ»: Դե, ջերմ համբույրներ»:
Հիշեցնենք, որ բացի Սլիմանից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք:
Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Այս մեծամասշտաբ համերգի գլխավոր հովանավորը, կազմակերպիչը և աջակիցը ArmCenter ընկերությունն է, աջակիցներն են Աննա Կարոլինա պրոդաքշնը, Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը, vorak.am-ը: