24/04/2019 12:13
Ախալցխայից մինչև Հայաստանի սահման ճանապարհի նորոգումը կավարտվի հոկտեմբերին
14,6 կիլոմետրանոց ճանապարհահատվածի նորոգումն Ախալցխա-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոմայրուղում կավարտվի հոկտեմբերին, գրում է News.am-ը՝ հղում անելով Վրաստանի հանրային հեռուստատեսությանը։
Նշվում է, որ Ջավախքը աչքի է ընկնում դաժան կլիմայական պայմաններով (առատ ձյուն, ձնաթմբեր եւ սառնամանիքներ), ուստի նորոգման աշխատանքներով զբաղվող ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել նորոգման աշխատանքները։ Հենց որ եղանակը լավացել է, աշխատանքները վերսկսվել են։
Նախագծի շրջանակում նախատեսված է լիովին նորոգել վնասված ճանապարհները, ընդլայնել դրանք, նորոգել երեք երկաթբետոնե կամուրջներն ու ջրատար խողովակները։ Նախատեսված է նաև տեղադրել ճանապարհային նշաններ։
Վրաստանի ավտոճանապարհների վարչության տվյալներով՝ այս տեղամասը անցնում է Գորելովկա, Ժդանով գյուղերի միջով և ավարտվում վրաց-հայկական սահմանին։
Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից, և դրա արժեքն է ավելի քան 13,8 մլն լարի (ավելի քան 5,1 մլն դոլար)։
Նորոգման աշխատանքներն սկսվել են 2018 թվականի հուլիսին։ Այդ ժամանակվանից երկու կիլոմետրանոց հատվածում արդեն ասֆալտ է փռվել, երկու կիլոմետրում հողային աշխատանքներ են կատարվել։
Այս տարի պատրաստ կլինի նաև Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի հետ սահմանին) միջազգային նշանակության ավտոմայրուղու հինգ կիլոմետրանոց (91-97 կիլոմետր) հատվածի նորոգման նախագիծը։
Այն բանից հետո, երբ ավտոմայրուղու երկու հատվածն էլ կնորոգվեն, Ախալցխայից Հայաստան երթեւեկությունն ավելի հարմարավետ ու անվտանգ կդառնա, նշում է վարչությունը։
Այս պահին Սամցխե-Ջավախք տարածաշրջանում նորոգման աշխատանքները վարվում են տասը նախագծի շրջանակում։ Նորոգվում և կառուցվում են չորս կամուրջ և 41.1 կիլոմետր ճանապարհ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 32,8 մլն լարի (ավելի քան 12,2 մլն դոլար)։
2019-ին Սամցխե-Ջավախքում նախատեսված է սկսել յոթ ճանապարհային նախագիծ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 37,3 կիլոմետր։ Նախագծերի ենթադրվող արժեքը կկազմի ավելի քան 36,2 մլն լարի (ավելի քան 13,4 մլն դոլար)։
2019-ին կավարտվի հինգ նախագիծ, ևս երկուսը՝ 2020-ին։ Նախատեսված են նաև երկու կանխիչ նախագծեր՝ ավելի քան 1,4 մլն լարի (520,4 հազար դոլար) արժեքով, մեկ ափն ամրացնող նախագիծ ՝ (500 հազար լարի կամ ավելի քան 185,8 հազար դոլար) և պարբերական նորոգման աշխատանքներ հինգ տարբեր օբյեկտներում, որոնք ունեն 50 կիլոմետր երկարություն, և որի արժեքն է 13,5 մլն լարի (5 մլն դոլար)։