24/04/2019 12:45
Բոլոր երկրներում էլ նման բան կարող է պատահել. Սանասարյանը՝ իր գործի «կարված» լինելու մասին
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը իր վերաբերյալ քրեական գործի մասին լրագրողների հարցրին հրաժարվում էր պատասխանել։
«Քրեական գործի վերաբերյալ՝ ուզում է 360 աստիճան պտտվեք, վերադառնաք, ես նորից նույնն եմ ասելու։ Մեր քաղաքացիներին այսօր այդ գործը չի հետաքրքրում», - ասաց Դ.Սանասարյանը։
Նա նշեց, որ ինքը վստահ է՝ Հայաստանի Հանրապետությունը դառնալու է «շատ ուժեղ ու շատ ամուր»։
Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք կարող է մի երկիր ուժեղ լինել, որտեղ գործ են կարում, ինչպես պնդում են Սանասարյանի փաստաբանները։ Ի պատասխան Սանասարյանն ասաց. «Բոլոր երկրներում էլ նման բան կարող է պատահել»։
Մեկ այլ լրագրող հետաքրքրվեց, թե շաբաթ օրը կառավարական առանձնատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ի՞նչ է քննարկել: Սանասարյանը, սակայն, հրաժարվեց այդ հարցին պատասխանել։
Լրագրողի դիտարկմանը, թե նրա կողմնակիցները հայտարարում են, որ եթե Սանասարյանը արդարացվի, ապա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պետք է հրաժարական տա, նախկին պաշտոնյան պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նրանք ոչ թե իմ կողմնակիցներն են, այլ Հայաստանի Հանրապետությունում արդարության կողմնակիցները»։
Հացին, թե ինքը՝ Սանասարյանը համամի՞տ է նրանց հայտարարության հետ, Սանասարյանը պատասխանեց. «Ես այսօր եկել եմ այստեղ արդարություն եմ պահանջում»։
Նշենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը»: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր հայտարարել էր, որ քրեական գործով փաստական տվյալները բավարար են եղել Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար։