25/04/2019 14:00
Բիզնես չունեմ, կոռուպցիոն սկանդալի մեջ չեմ եղել. Որտեղի՞ց համեստ պաշտոնյային 32 մլն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլար գումարը (Տեսանյութ)
Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տեղեկությունները, թե ինքը քավոր-սանիկական հարաբերություններ ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։
«Փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, բայց քավոր-սանիկական հարաբերություններ մենք չունենք։ Եթե ունենայի, կբարձրաձայնեի այդ մասին»,- ասաց Քարամյանը։
Նա նշեց, որ նախկինում աշխատել է ոստիկանությունում, քննչական կոմիտեում, դատախազությունում, և Գասպարյանի հետ «փոխադարձ հարգալից» հարաբերությունները հորդորեց դիտարկել այդ համատեքստում։
Լրագրողների հարցին՝ մտադի՞ր է զբաղեցնել ՊՎԾ պետի պաշտոնը, Քարամյանը պատասխանեց.
«Ես շատ բարձր եմ գնահատում պարոն Սանասարյանի դերը պետականաշինության գործում, հարգում եմ նրան։ Պարոն Սանասարյանն այս պահին շարունակում է մնալ ՊՎԾ ղեկավար։ Մենք՝ աշխատակիցներս, մեծ հույս ունենք, որ նա կվերադառնա»։
Այնուհետև ավելացրեց, որ ՊՎԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, և հենց վարչապետն է որոշում՝ ում նշանակել այդ պաշտոնին։
Անդրադառնալով Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, Քարամյանն ասաց, որ ընթանում է նախաքննություն և չի կարող որևէ մեկնաբանություն անել այդ մասին, բայց նշեց.
«Կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ Դավիթ Սանասարյանին և կարծում եմ, որ նա բացառիկ հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած և արդարության, անաչառության տեսանկյունից բացառիկ որակներ ունեցող պաշտոնյա է»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե որտեղի՞ց է ՊՎԾ պետի տեղակալը հայտարարագրել 32 մլն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլար եկամուտ, ինչին պաշտոնյան պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ զուտ էթիկայի տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցվածքն ու կարողությունը։ Ես նախկինում աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ երբևէ որևէ կոռուպցիոն սկանդալի մեջ չեմ եղել, որևէ կլանային համակարգում չեմ եղել, բիզնեսով էլ չեմ զբաղվել։ Կոռեկտ չեմ համարում քննարկել իմ ունեցվածքը»։
Այնուամենայնիվ, լրագրողները մի քանի անգամ պնդեցին, թե ինչպե՞ս և որտեղի՞ց է համեստ պաշտոնյան այդքան մեծ չափի գումար վաստակել, ՊՎԾ պետի տեղակալը, սակայն, չհիմնավորեց։