25/04/2019 20:00
Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել և կոչ արել միջազգային հանրությանը չլռել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթն անվանել է Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ և «ազգի սպանդի արդարացում»: Ավելին, Հայաստանի վարչապետը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին:
«Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը, որը դատապարտվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելն ու դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև՝ մի ողջ ազգի սպանդի արդարացում։ Ամենից առաջ` ապրիլի 24-ին այդպիսի հայտարարությունը հայ ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից: Աշխարհը պետք է չլռի», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Փաշինյանը:
Հիշեցնենք Էրդողանը, անդրադառնալով առաջին աշխարհամարտի տարիներին կատարվածին, հայտարարել էր, թե հայերն են կոտորել մուսուլման կանանց և երեխաներին, ու նման պայմաններում «հայ հրոսակներին ու նրանց աջակիցների աքսորումն ամենատրամաբանական վարքագիծն է եղել»:
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել էր, որ իրենց արխիվներում կան մեծ թվով փաստական տվյալներ, և այդ տվյալները պետք է նախ ուսումնասիրեն հետազոտողները, և դրանից հետո միայն քաղաքական գործիչները հանդես գան հայտարարություններով: