25/04/2019 11:59
Կառավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցին 133 հազար դոլար հատկացրեց
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որն էլ այն պետք է փոխանցի Շախմատի ֆեդերացիային:
Գումարը հատկացվելու է 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով:
Նախարարությանը կհատկացվի 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 600.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 900.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության բոլոր ժամանակների 4-րդ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Լևոն Արոնյանը 2019 թվականին պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ծավալվող պայքարին, որը բաղկացած է լինելու 3 փուլից՝ հավակնորդների մրցաշարի կլասիֆիկացիա, հավակնորդների մրցաշարի հաղթանակ և աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի կլասիֆիկացիա, աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի հաղթանակ:
Թեև պայքարը շատ թեժ և ծանր է լինելու, Լևոն Արոնյանը առաջատարների ցանկում է և մեծ շանսեր ունի նվաճելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հետ բերելով չեմպիոնի կոչումը Հայաստանի Հանրապետություն: Անհրաժեշտ է նշել, որ Լևոն Արոնյանը 2017 թվականին եղել է ամենադոմինանտ խաղացողը՝ նվաճելով 5 սուպեր մրցաշար և աշխարհի գավաթ:
Բարձր մակարդակի շախմատը վերջին 10 տարիների ընթացքում սերտորեն կապվել է բարձր տեխնոլոգիաների հետ, քանի որ ռեպերտուարի ուսումնասիրությունը և ընդլայնումը ուղիղ կապ ունի բազմամիջուկային համակարգիչների հետ:
Հարկ է նշել, որ Լևոն Արոնյանի համակարգիչը ձեռք է բերվել 2011 և 2013 թվականներին, և արդեն հնացել է՝ հետ ընկնելով մրցակիցների կողմից օգտագործվող համակարգիչներից :
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այսօրինակ հարցերին պետական բյուջեից ֆինանսավորում եղե՞լ է, թե՞ սա առաջին դեպքն է:
«Սա առաջին անգամ է, որ մարզիկի համար նման մեծ գումար է հատկացվում, սա աննախադեպ է», - ասաց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս կարգի հարցերը լուծվել են հետևյալ կերպ՝ որևէ ձևով կամ զանգ է հնչել, կամ միջնորդություն է եղել որևէ ունևոր անձի։
«Դա վատ մեխանիզմ է, այն իր հետ բերում է այլ հարաբերություններ ու պարտավորություններ, արտոնություններ, մեր դիրքորոշումը պետք է լինի հետևյալը՝ այն մարզական առաքելությունը, որոնք մենք կգնահատենք պետական նշանակություն ունեցող, պետությունը կֆինանսավորի», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ Լևոն Արոնյանն աննախադեպ վաստակ ունի Հայաստանի առաջ:
«Մեր հիմնական խնդիրն է, որ ՀՀ քաղաքացին հավատա իր ուժերին, Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը պետք է լինեն այն տիպարները, որոնց օրինակով մեր երիտասարդությունը պետք է դաստիարակվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը: